Հորմոնների արտադրման հետ կապված վահանաձեւ գեղձի հիվանդությունները կարող են հանգեցնել անպտղության,-ասաց բժիշկ-էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։

«Անհրաժեշտ է սկզբում կարգավորել հորմոնների վիճակը, իսկ հետո եթե կան գինեկոլոգիական խնդիրներ, զբաղվել դրանց բուժմամբ»,-ասել է նա։

Նրա խոսքով, վահանաձեւ գեղձը մեծ դեր ունի օրգանիզմում, ինչպես դիրիժորը նվագախբում։ Եթե վահանաձեւ գեղձը չի արտադրում այս կամ այն հորմոնը, այս կամ այն օրգանի աշխատանքը կարող է վատթարանալ՝ առաջացնելով որոշակի խնդիրներ օրգանիզմում։

Հնարավոր է անգամ վահանաձեւ գեղձից ավելորդ հորմոնների անջատում։ Սա, ինչպես ասում են, թունավոր խպիպն է, երբ առկա է գերարագ նյութափոխանակություն, քաշի կորուստ, մեծ քանակությամբ ջրի սպառում, սարսուռ, նյարդային վիճակ եւ այլն: Սակայն այն հազվադեպ է հանդիպում եւ ախտորոշելն էլ բավականին հեշտ է՝ հաշվի առնելով ներկայիս ուսումնասիրությունների հնարավորությունները։ 

Կան նաեւ խնդիրներ կապված վահանաձեւ գեղձի կառուցվածքի հետ, այսինքն վահանաձեւ գեղձի մեծացում, հանգույցների առաջացում, որոնց դեպքում արյան մեջ հորմոնների քանակը նորմալ է։ Նման դեպքերում բուժումը շատ կարեւոր է հետագա բարդացումներից խուսափելու համար։

Բուժումը կարող է լինել, դեղորայքային եւ վիրաբուժական՝ կախված հանգույցների չափից։

Ի տարբերություն հորմոնալ խանգարումների, վահանաձեւ գեղձի կառուցվածքի հետ կապված հիվանդությունները ակնառու են անզեն աչքով։  Նախ եւ առաջ գիշերները մարդիկ խեղդվում են, չեն կարողանում քնել, թուլություն են զգում, կռանալիս հազ է առաջանում, կարծես թե ինչ-որ բան կոկորդը սեղմում է։ Կանաց մոտ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում։