Առաջին անգամ քիմիաթերապիան քաղցկեղի բուժման համար օգտագործվել է 1950թ-ին։ Քիմիաթերապեվտիկ դեղամիջոցները ներառում են քիմիական հզոր նյութեր՝ քաղցկեղային բջիջները սպանելու եւ նրանց զարգացումն ու ամբողջ օրգանիզմով տարածումը կանխելու համար։ Հիմնականում այդ դեղամիջոցները բավականին ազդեցիկ են, բայց դրանք կարող են շատ ակտիվ լինել՝ քայքայելով անգամ առողջ բջիջը, հաղորդում է Fox News-ը։
Քիմիաթերապիայի հիմնական կողմնակի ազդեցություններից են հոգնածությունը, սրտխառնոցը, փսխումը, փորկապությունը եւ մազաթափությունը։ Բացի այդ, առողջական խնդիրներ կարող են առաջանալ անգամ քիմիաթերապիայի կուրսի ավարտից հետո, քանի որ այդ դեղամիջոցները երբեմն կարող են առաջացնել մշտական փոփոխություններ օրգանիզմի համակարգերում։
Քիմիաթերապիայից հետո հաճախ հանդիպող խնդիրներից մեկը ուռուցքի վերաճումն է։ Չնայած դրա կրկնության հավանականությունը շատ քիչ է, այնուամենայնիվ, քիմիաթերապիան եւ ճառագայթային թերապիան սովորաբար թունավոր են ոսկրածուծի բջիջների համար, հետեւաբար լեյկեմիայով հիվանդանալու վտանգը մեծանում է. լեյկեմիան արյան քաղցկեղ է, որը զարգանում է ոսկրածուծում։
Սիրտը եւ սիրտ-անոթային համակարգը նույնպես մեծապես վնասվում են քիմիայից եւ ճառագայթումից՝ հատկապես անտրացիկլինային դասին պատկանող դեղամիջոցներից։ Բացի այդ, քիմիաթերապիան կարող է երկարաժամկետ վնասներ հասցնել թոքերին։
Քիմիաթերապիայի ամենատարածված կողմնակի ազդեցությունը կարող է լինել օրգանիզմի իմունային համակարգի ընկճումը։ Բացի այդ, քիմիաթերապիան կարող է իր հետքը թողնել նյարդային համակարգի վրա, առաջացնել ցավեր եւ թուլություն ձեռքերի եւ ոտքերի մատների նյարդերում։
Այնուամենայնիվ, կողմնակի հետեւանքների մեծամասնությունը բավականին հայտնի են եւ հեշտ բուժելի։ Սակայն բժիշկները վերջին շրջանում մտահոգված են քիմիաթերապիայի կողմնակի նոր ազդեցություններով. հիվանդների մեծամասնությունը գանգատվում է մտածողության «մթագնումից» եւ ճանաչողական հմտությունների անկումից։
Քիմիաթերապիայի հետեւանքով առաջացած կողմնակի ազդեցությունները կարող են երկար եւ բարդ թվալ, բայց կարեւոր է հիշել, որ այս բոլոր ազդեցություններից առավելը մարդու կյանքն է։ Քաղցկեղը հաղթահարած շատ մարդկանց համար կողմնակի այս ազդեցությունները ոչ մի նշանակություն չունեն՝ հատկապես նրանց համար, ով անցնում է համապատասխան վերականգնում ֆիզկուլտուրայի եւ առողջ դիետաների միջոցով։






