Սեպտեմբեր ամսին մաշկաբան-սեռավարակաբան մասնագետների աշխատանքը շատանում է՝ ամառային հանգստից հետո վերադարձած մարդիկ հայտնաբերում են սեռավարակների առաջին ախտանիշները եւ բժիշկի են դիմում։ Այն մասին, թե ինչպես է հնարավոր ծովափնյա հանգստի ժամանակ սեռավարակ ձեռք բերել եւ այդ վարակներից զերծ մնալու ուղիների մասին լրագրողներին պատմեց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը։

Վարակվել՝ ջրի՞ց

Նախեւառաջ, բժիշկի խոսքով՝ ծովի ջրից սեռավարակ «ձեռք բերելը» գրեթե անհնար է։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ ծովի ջրում հայտնվեն տարատեսակ հիվանդություններ առաջացնող թե վիրուսներ, թե բակտերիաներ, բայց գործնականում, Կարեն Վարդանյանի կարծիքով, դրանց փոխանցման հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ այդ մանրէներին՝ պահպանվելու եւ մեկ այլ օրգանիզմ ներթափանցելու համար նպաստավոր պայմաններ են պետք։ Դրանք իրականում բավական անկայուն են արտաքին միջավայրում եւ շուտ ոչնչանում են։

Վարակվել՝ զուգընկերոջի՞ց

Այսպիսով, հանգստի ժամանակ սեռավարակ ձեռք բերելու ամենահավանական ճանապարհը մնում են չպաշտպանված սեռական հարաբերությունները։

Կարեն Վարդանյանի խոսքով՝ ծովափնյա հանգիստը նպաստավոր պայմաններ է ստեղծում այսպես կոչված «կոմերցիոն սեքսի» եւ ռիսկային, չպաշտպանված սեռական հարաբերությունների համար։ Նմանատիպ հարաբերությունների ժամանակ, ինչպես նշեց բժիշկը, կարող է փոխանցվել ցանկացած հիվանդություն, եւ դրանց մեջ մեծ տոկոս են կազմում, բնականաբար, սեռավարակները։

Չվարակվե՞լ

«Այսպես կոչված կուրորտային սիրավեպերի ծանր հետեւանքների հետ մենք առնչվում ենք սեպտեմբեր ամսվա կեսերից, երբ մարդկանց մոտ՝ գաղտնի շրջանն անցնելուց հետո, ի հայտ են գալիս նմանատիպ գանգատներ», - պատմեց բժիշկը։

Սեռավարակների դեպքում, ինչպես ցանկացած այլ հիվանդությունների դեպքում, ավելի հեշտ է կանխարգելումը, քան բուժումը, նշեց Կարեն Վարդանյանը։ Այնպես որ, ամառային հանգստի ժամանակ ավելի լավ է ընդհանրապես չվարակվել, քան հետո մտածել բուժման մասին։

Ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել սեռավարակները ամառային հանգստի ժամանակ

Կարեն Վարդանյանի խոսքով՝ ցանկացած սեռավարակներից զերծ մնալու լավագույն միջոցը փոխադարձ հավատարիմ զույգ լինելն ու պատահական սեռական հարաբերություններից խուսափելն է։ Իսկ եթե պատահական սեքսն անխուսափելի է՝ սեռավարակների կանխարգելման միակ միջոցը պահպանակ օգտագործելն է։

Ինչպես նշեց Կարեն Վարդանյանը, պետք է հիշել, որ պահպանակները մեկանգամյա օգտագործման համար են եւ երկու անգամ դրանք օգտագործել չի կարելի։ Պահպանակի ամբողջականությունը չպետք է խախտված լինի, հակառակ դեպքում դրա կիրառումը կլինի լրիվ անիմաստ։

Ի դեպ, պետք է նաեւ նշել, որ ոչ մի միջոց, ներառյալ պահպանակը, 100 տոկոսով չի պաշտպանում սեռավարակներից։

Եթե վարակվել եք...

Սեռավարակների գաղտնի շրջանի տեւողությունը տարբեր է. կան վարակներ, որոնց առաջին ախտանիշներն արտահայտվում են վարակվելուց արդեն 3-5 օր հետո, եւ կան այնպիսինները, որոնք կարող են տարիներ շարունակ ոչ մի կերպ չարտահայտվեն։

Ինչպես նշեց Կարեն Վարդանյանը, ինչքան շուտ հայտնաբերվի սեռավարակը, այնքան ավելի հեշտ կլինի այն բուժել։ Այդ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ հետազոտվել՝ թաքնված վարակների հայտնաբերման նպատակով, մանավանդ եթե նախկինում եղել են ռիսկային վարքագիծ եւ չպաշտպանված սեռական հարաբերություններ։