2013 թվականին Հայաստանում սեռավարակների մոտ 48 000 դեպք էր արձանագրվել: Սակայն, մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, այս թիվը չի կարող ցույց տալ երկրում սեռավարակների տարածվածության ողջ պատկերը:
Բանն այն է, որ երկրում այսօր գործում են բազմաթիվ մասնավոր կլինիկաներ, որոնք աշխատում են սեռավարակներ ունեցող հիվանդների հետ, սակայն վիճակագրություն նրանց մասին չեն ներկայացնում: Բացի այդ, կան սեռավարակներ, որոնք կլինիկորեն չեն արտահայտվում, եւ նրանցով վարակված մարդիկ նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են, եւ բժիշկի չեն դիմում:
Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ սեռավարակներ ունեցող մարդկանց իրական թիվը առնվազն 2-3 անգամ բարձր է՝ արձանագրված դեպքերի թվից:
Երկրում սեռավարակների հետ կապված իրավիճակը գնահատելու համար, մաշկա-վեներաբանի կարծիքով, պետք է այն համեմատել այլ երկրների հետ: Օրինակ, աֆրիկյան երկրներում կամ Ռուսաստանում իրավիճակը բավական լուրջ է. սեռավարակները լայն տարածում ունեն եւ լուրջ հետեւանքներ են թողնում մարդկանց առողջության վրա: Այդ երկրների համեմատ իրավիճակը Հայաստանում բավական բարվոք է: Սակայն եվրոպական երկրների հետ հահեմատելու պարագայում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում դեռ շատ բան կա անելու:
Հովհաննես Հովհաննիսյանը պնդում է, որ նույնիսկ մեկ սեռավարակի արձանագրումը Հայաստանում արդեն շատ վատ է, քանի որ սեռավարակները հարված են հասցնում մարդու ամենացավոտ տեղին՝ վերարտադրողական առողջությանը, իսկ Հայաստանում այս ոլորտում առանց այն էլ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ սեռավարակները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Դրանք կարող են փոխանցվել նաեւ այլ ճանապարհներով, օրինակ, արյան միջոցով, սակայն չպաշտպանված սեռական ակտը մնում է դրանց փոխանցման ամենատարածված ճանապարհներից մեկը: Սեռավարակներից եւ դրանց պատճառով առաջացող խնդիրներից զերծ մնալու համար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակ օգտագործել:






