Շատ եւ շատ հյուրանոցներում անկողնային սպիտակեղենը ուղղակի լվացվում է, իսկ դա բավարար չէ դրանք ամբողջովին ախտահանելու համար. սպիտակեղենում պահպանված հարուցիչները կարող են մի շարք հիվանդություններ առաջացնել։ Այս մասին լրագրողներին ասաց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը։
Սնկային հիվանդություններ
Նախեւառաջ, սպիտակեղենի միջոցով հնարավոր է սնկային հիվանդություններ ձեռք բերել՝ եթե այն ճիշտ մշակված եւ ախտահանված չէ։
Կան հարուցիչներ, որոնք վերանում են նույնիսկ պարզապես լվացման եւ արդուկման դեպքում. դրանք սովորաբար վիրուսային հարուցիչներն են։
«Բայց, օրինակ, սնկային սպորները բավական կայուն են եւ ցածր ջերմաստիճանային, եւ բարձր ջերմաստիճանային պայմաններում», - ասաց Կարեն Վարդանյանը, ավելացնելով, որ նման հարուցիչներին կարելի է ոչնչացնել եռման ջերմաստիճանի պայմաններում կամ հատուկ նյութերի կիրառման դեպքում, բայց ոչ լվանալով կամ արդուկելով։
Մաշկային հիվանդություններ
Վատ ախտահանված սպիտակեղենի միջոցով կարելի նաեւ մաշկային հիվանդություններով վարակվել, կամ պարազիտար ծագում ունեցող մակաբույծներ ձեռք բերել, օրինակ, քոսի տիզ։
Սեռավարակներ
Սպիտակեղենի միջոցով սեռավարակների փոխանցվելու հավանականությունը ավելի ցածր է, բայց այդպիսի բան նույնպես հնարավոր է, նշեց Կարեն Վարդանյանը։
Սեռավարակի փոխանցումը հնարավոր է, եթե հիվանդը թարախային բնույթի արտադրություն ունի եւ քնում է առանց գիշերային հագուստի, իսկ հետո նույն անկողնուց (որի սպիտակեղենը պատշաճ կերպով ախտահանված չէ) օգտվում է մեկ այլ անձ։
Կարեն Վարդանյանը նաեւ ավելացրեց, որ տարատեսակ խնդիրներից խուսափելու նպատակով բարձրակարգ հյուրանոցներում հաճախորդներին տալիս են մեկանգամյա օգտագործման սպիտակեղեն՝ փակ տուփով։ Հաճախորդից հետո նրա օգտագործած սպիտակեղենը պարզապես նետվում է։






