Վիկսոն-Մեդիսոն համալսարանի գիտնականները ստեղծել են կյանքի համար շատ վտանգավոր «իսպանուհի» հարբուխը հիշեցնող մի վարակ, որն աշխարհի տարբեր անկյուններում ապրող  50 միլիոն մարդու կյանք է խլել։ Այս հետազոտության քննադատները դրան կնքել են «խենթ փորձարկում»։

Ամերիկացի հետազոտողները Իոսիհիրո Կավաոկիի գլխավորությամբ «հակադարձ գենետիկայի» մեթոդի օգնությամբ համակցել են թռչնի տարբեր տեսակի գրիպի շտամների գեների մասունքները. թռչնի գրիպը մի նոր վիրուս է, որը մուտացիայի պատճառով սկսել է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով։ Նոր համակցված վիրուսը ավելի վտանգավոր է եղել լաբորատոր մկների համար, քան սովորական թռչնի գիրպը, բայց ավելի քիչ վնասակար, քան «իսպանուհին».  յոթ մուտացիաներից հետո այն արդեն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

«Այն ինչ նրանք անում են բացարձակ խելագարություն է։ Ողջ ծրագիրը շատ վտանգավոր է,-համոզված է Բրիտանիայի Թագավորական գիտական միության նախկին նախագահ լորդ Մեյը։ Ավելի շատ վտանգ գալիս է ոչ թե կենդանիների ներսում առկա վիրուսից, այլ լաբորատորիայում աշխատող չափից շատ ինքնավստահ մարդկանցից»։ Հարվարդի  ընդհանուր առողջության դպրոցի էպիդեմիոլոգիայի պրոֆեսոր Մարկ Լիպտիխը համամիտ է նրա հետ։ Նա կարծում է, որ  լաբորատորիայից դուրս հայտնվելով՝ նոր շտամը կարող է մեծ զոհերով համաճարակ առաջացնել։ Սակայն թռչնի գրիպի վտանգավոր մուտացիան կարող է բնության մեջ ինքնաբերաբար արտադրվել, նշել է The Guardian-ը։

Գիտական խմբի ղեկավար Իոսիհիրո Կավաոկին ասել է, որ իր աշխատանքի նպատակը պարզելն է, թե որքանով է թռչունների այս հիվանդությունը վտանգավոր մարդու համար եւ արդյոք այն ունակ է համաճարակ առաջացնել։ «Մենք շատ կարեւոր տեղեկատվություն ունենք այն մարդկանց համար, ովքեր որոշումներ են կայացնում համաճարակային հսկողության եւ անվտանգության մասին», - ասել է նա։ Այսպես, գիտնականը պարզել է, որ խոզի գրիպի դեմ առկա ներկայիս պատվաստանյութը եւ Tamiflu հակավիրուսային միջոցը մեծ հաջողությամբ պայքարում են արհեստական միկրոօրգանիզմների դեմ։