ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով, ալկոհոլի չարաշահումը շարունակում է վաղաժամ մահացության հիմնական պատճառներից մեկը մնալ: Մասնավորապես Միացյալ Նահանգներում գրանցվող վաղաժամ մահվան 10 դեպքերից մեկի պատճառը հենց այդ սովորությունն է, տեղեկացնում է FoxNews-ը:

Եզրահանգման հիմքում ընկած հետազոտության բոլոր մասնակիցները 2006-2010թթ.-ի ընթացքում` 20-64 տարեկանում են մահացել: Ձեռք բերված տվյալները կյանքի միջին տեւողությանն առնչվող ցուցանիշների հետ են համեմատվել:

Արդյունքում պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ալկոհոլի չարաշահման արդյունքում վաղաժամ մահացած 88 հազար մարդիկ միջինը 30 տոկոսով կարճ կյանք են ապրել: Ընդհանուր առմամբ, ամեն տարի երկիրը 2,5 մլն տարվա պոտենցիալ կյանք է կորցնում:

Մահվան պատճառները

Ալկոհոլի չարաշահման արդյունքում գրանցված մահվան դեպքերն ինչպես տեխնիկական (ավտովթար), այնպես էլ քրոնիկ հիվանդությունների միջոցով են գրանցվում:

Ամենատարածված քրոնիկ հիվանդությունը լյարդի ալկոհոլային հեպատիտն է, այնուհետեւ` լյարդի ցիռոզը եւ ալկոհոլային կախվածության սինդրոմը: Բնականաբար` տղամարդկանց մահացության դեպքերն այս պարագայում գերակշռող դիրքեր ունեն: Կրկնակի բարձր է նաեւ տղամարդկանց` հարբած վիճակում ավտովթարի ենթարկվելու ռիսկը:

Ի՞նչ կարելի է անել

Ամերիկյան հաստատության կողմից մի քանի նահանգներում իրականացված հետազոտության արդյունքները կարելի է ոչ միայն ԱՄՆ, այլ նաեւ մոլորակի ողջ բնակչության վրա տարածել:

Առաջարկվող ռազմավարությունները բազմատեսակ են. սկսած ալկոհոլային խմիչքների վաճառքի համար սահմանված հարկերի բարձրացումից եւ դրանց վաճառքի իրավունք ունեցող խանութների քանակի սահմանափակումից մինչեւ հարբած հաճախորդներին ալկոհոլային խմիչք վաճառելու համար պատասխանատվության սահմանում: