Միչիգանի պետական համալսարանի գիտահետազոտական խմբերի մեկի անդամները ֆիզիկական վարժությունների եւ բարձր գնահատականների միջեւ ուղիղ կապ են հայտնաբերել: Այդուհանդերձ, սա առաջին հետազոտությունը չէ, որի շրջանակում մարզասրահի մտավոր եւ էմոցիոնալ օգտակարությունն է մատնանշվում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 4843 ուսանող. գիտնականները բաժանել են նրանց երկու խմբի՝ սպորտող զվաղվողների եւ չզբաղվողների, եւ հետո համեմատել են նրանց գնահատականները եւ առաջադիմությունը: Պարզվել է, որ այն ուսանողները, որոնք սպորտային ինչ-որ խմբակ կամ ուղղակի մարզասրահ էին հաճախում, ավելի լավ գնահատականներ էին ստանում, քան նրանք, ովքեր սպորտից հեռու էին:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ կինեզիոլոգիայի եւ էպիդեմիոլոգիայի պրոֆեսոր Ջեյմս Պիվարնիկը (James Pivarnik), կարծում է, որ այս տեղեկությունները հնարավորություն կտան համալսարաններին հասկանալ, թե ինչ կարեւոր են ֆիթնեսն ու հանգիստը ուսանողների առաջադիմության համար:

Իհարկե, արդեն նորություն չէ, որ ֆիզիկական ակտիվությունը սրում է միտքը. այլ գիտնականներ հայտնաբերել էին, որ ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը նկատելիորեն լավացրել էր մկների գլխուղեղի աշխատանքը՝ մասնավորապես մտածելու եւ մտապահելու կարողությունը: Մարմնավարժությունների շնորհիվ նաեւ աճում է ուղեղի բջիջների թիվը գլխուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է, հիշողության, էմոցիաների եւ ավտոնոմ նյարդային համակարգի համար: