Ներկայումս ԱՄՆ շուրջ 30 մլն քաղաքացիներ երկրորդ տիպի շաքարախտով են տառապում: Այն օրգանիզմի՝ ինսուլինի նկատմամբ անբավարար զգայունությամբ է բնորոշվում, ինչի արդյունքում արյան մեջ շաքարի բաղադրությունը գերազանցում է բոլոր նորմատիվ սահմաններն ու առողջության համար խնդիրներ ստեղծում: Հիվանդության ախտանշանների դեմ պայքարի բացարձակապես անվտանգ եւ արդյունավետ միջոցներ առայժմ չեն մշակվել: Ճիշտ է՝ գոյություն ունեն որոշ դեղամիջոցներ, որոնք գեների արտահայտման փոփոխությունների հաշվին օրգանիզմում արտադրվող ինսուլինի մակարդակը կարգավորելու կարողության աճ են խթանում, սակայն դրանց ազդեցությամբ էլ արյան մեջ շաքարի բաղադրությունը կարող է անհամաչափ նվազել եւ լուրջ կողմնակի ազդեցություններ, մասնավորապես` հիպոգլիկեմիա հարուցել:  Եվ ահա, լաբորատոր մկների վրա իրականցված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «համաճարակի» դեմ պարզագույն լուծում կարելի է գտնել, հաղորդում է FoxNews-ը:

Խոսքը FGF1 սպիտակուցի մասին է, որի մեկ ներարկման ազդեցությամբ՝ երկու օրվա ընթացքում, մկների մոտ ինսուլինի նկատմամբ զգայունության աճ եւ արյան մեջ շաքարի բաղադրության նորմավորում է նկատվել: 

FGF1 սպիտակուցի՝ արյան մեջ շաքարի բաղադրությունը վերահսկելու անակնկալ հատկանիշը հեղափոխական մոտեցնումներ է առաջարկում՝ երկրորդ տիպի շաքարախտի դեմ պայքարի ոլորտում: Այն բոլորովին վերջերս է գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել, երբ պարզվել է, որ FGF1 սպիտակուցի դեֆիցիտ ունեցող լաբորատոր մկները, ճարպերով հարուստ սննդակարգի անցնելու պարագայում, հիվանդության ախտանշանները դրեւորելու հակում ունեն:

Սպիտակուցի ազդեցության ծավալները որոշելու նպատակով՝ գիտնականները տարբեր չափաբաժիններով ներարկումներ են նախաձեռնել: Փորձարկման արդյունքները գերազանցել են գիտնականների բոլոր սպասելիքները. պարզվել է՝ մեկ ներարկումն անգամ արյան մեջ շաքարի բաղադրությունը կարգավորելու ներուժ ունի:

FGF1 սպիտակուցն առաջին անգամը չէ, որ փորձարկվում է լաբորատոր մկների վրա, սակայն մինչ այժմ բոլոր հետազոտությունները առողջ կենդանիների շրջանում էին իրականացվում:

Ի տարբերություն հիվանդության դեմ պայքարի նպատակով ներակումս կիրառվող դեղամիջոցների, այն ոչ մի շոշափելի կողմնակի ազդեցություն չի ենթադրում: Խոսքը, մասնավորապես, սրտային հիվանդությունների, գերքաշության եւ հիպոգլիկեմիայի մասին է: Բացի այդ, FGF1-ի ազդեցությամբ օրգանիզմում ոչ միայն ինսուլինի մակարդակի աճ, այլ նաեւ՝ դրա կարգավորումն իրականացնող գործառույթի վերականգնում է նկատվում:

Այդուհանդերձ, սպիտակուցի ազդեցության մեխանիզմները դեռեւս ամբողջությամբ հասկանալի չեն: