Ախ, այդ շաքարը… Քաղցրեղենի մասին մտածելիս նույնիսկ ամենաթունդ սննդակարգին հետեւող մարդու ծնկները թուլանալու հատկություն ունեն: Իսկ երեխաների պարագայում շոկոլադե տորթ համտեսելու հեռանկարը կարող է ստիպել, որ նախապես մի ամբողջ աման բանջարեղեն ուտեն: Բայց ի՞նչպես է շաքարն անդրադառնում մարդու ուղեղի վրա եւ այդչափ մեծ կախվածություն առաջացնում: Մեկնաբանում է Medical Daily-ն:
Թակարդ՝ առաջին իսկ համտեսից
Առաջին իսկ համտեսից շաքարն ուղեղին հաղորդագրություն ուղարկելու եւ վերջինիս «պարգեւատրման» համակարգն ակտիվացնելու ծրագրավորում ունի: Խոսքը նույնքան հաճելի զգացման մասին է, որքան ընկերների հետ երեկույթը, սեքսը կամ թմրամիջոցները կարող են պատճառել: Վերոհիշյալ կենսաբանական համակարգն իրենից ուղեղի տարբեր հատվածները միացնող եւ գլխավորապես դոպամինի խթանմամբ ակտիվացվող էլեկտրական եւ քիմիական ուղիների ամբողջություն է ներկայացնում: Թմրանյութերից, նիկոտինից եւ ալկոհոլից կախվածության ունեցող մարկանց մոտ դոպամինի ռեցեպտորները հաճույքի զգացողություն եւ դրա պարբերական պահանջ արթնացնելու հատկություն ունեն: Ասել է, թե՝ շաքարը նույնպիսի ռեակցիա է առաջացնում ուղեղի մեջ, ինչին որ կախվածություն առաջացնող նյութերն են ընդունակ:
Դոպամին
Ցանկացած սնունդ ուղեղում դոպամինի արտազատում առաջացնելու միտում ունի: Սակայն, երբ այս կամ այն սննդամթերքը սովորականից հաճախ ենք ընդունում, հորմոնի արտազատման ծավալներն աստիճանաբար նվազում են, եւ օրգանիզմն այլեւս չի բավարարվում դրանով: Ահա թե ինչու մարդը տարատեսակ ուտեստներով սնվելու հակվածություն ունի: Սա մարդու էվոլյուցիոն գործիք է, որի շնորհիվ օրգանիզմը վիտամինների եւ միներալների հավասարակշիռ ծավալներ ստանալու հնարավորություն է ձեռք բերում: Հետաքրքրականն այն է, որ շաքարի պարագայում դարերով հղկված կանոնը չի գործում՝ դոպամինի արտազատման ծավալները չեն նվազում եւ շարունակում են նույնանման սնուցում խթանել:
Ուրեմն՝ կախվածությո՞ւն
Բոլոր բժիշկները չէ, որ համաձայնություն են տալիս սննդամթերքի որեւէ տեսակի՝ կախվածություն առաջացնող հատկություն ունենալու գաղափարին: Այդուհանդերձ, քաղցրեղեն ընդունելիս հաճույքի զգացողության առաջացումն անհերքելի է: Իսկ շաքար պարունակող ուտեստների բացակայության դեպքում էլ անհարմարավետության զգացում կարող է առաջանալ: Գոնե լաբորատոր մկների վրա իրականցված փորձարկումներն այդ մասին են վկայում:
Բացի այդ, ինչպես որ բոլոր՝ կախվածություն առաջացնող նյութերին է հատուկ, շաքարի չարաշահումը եւս կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Խոսքը գլխավորապես գերքաշության մասին է, թեեւ առավել բարդ դեպքերում «քաղցրի» չարաշահումը կարող է արյան բարձր ճնշման եւ լյարդի խանգարման հանգեցնել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաքարին օրական սննդակարգի 10 տոկոսը հատկացնել: Իսկ դա ընդամենը 25 գրամ՝ թեյի 6 գդալ է կազմում: Եթե հաշվի առնենք, որ մեկ շիշ կոկա-կոլայի մեջ 39 գրամ շաքար կարելի է գտնել, պատկերացրեք, թե որչափ ավելի բարձր բաղադրությամբ շաքար կարող է միջին վիճակագրական մարդն ընդունել:
Իսկ կոնկրետ ի՞նչ է շաքարը
Այս հարցի պատասխանն անչափ կարեւոր է այն մարդկանց համար, որոնք իրենց սննդակարգն այս կամ այն չափով վերահսկելու մտադրություն ունեն: Շաքարն իրենից ածխաջրատ է ներկայացնում: Սովորական շաքարավազը, որ թեյին կամ սուրճին ենք ավելացնում, շաքարի երկու տեսակների՝ ֆրուկտոզի եւ գլյուկոզայի միացություն է: Ապրանքներին փակցված պիտակների վրա երբեմն կարող եք հստակ տեղեկություն չգտնել՝ շաքարի բաղադրության վերաբերյալ, այնպես որ հարկ է սնուցիչների ցանկում հետեւյալ բաղադրիչների առկայությունը փնտրել՝ գլյուկոզա, սախարոզ, լակտոզ, մալտոզ, դեքստրոզ, օսլա, եգիպտացորենի օշարակ, մրգահյութ, հում շաքար եւ մեղր: Հարկ է նշել, որ շաքարի առկայություն նաեւ կետչուպի եւ յոգուրտի մեջ կարող եք գտնել:
Իսկ բնակա՞ն շաքարը
Բոլոր տեսակի շաքարները չէ, որ վատ համբավ ունեն: Այն բնական տեսքով կարելի է մրգերի եւ կաթի մեջ գտնել: Բայց արդո՞ք բնական շաքարի բաղադրությամբ հարուստ ագավան եւ կոկոսը նույնքան անվտանգ են համարվում: Մասամբ՝ այո, բայց որոշ վերապահումներով:
Օրինակ՝ մեկ կոկոսի բաղադրության մեջ առկա շաքարը ֆրուկտոզի եւ գլյուկոզայի նույն չափաբաժինն ունի, որքան մեկ ճաշի գդալ շաքարավազը: Չափավոր օգտագործման դեպքում, այն, իհարկե, վնասակար չէ, բայց չի էլ կարող քաղցրի անսահմանափակ աղբյուր ծառայել: Իսկ ագա՞վան: Միգուցե շատերը տեղյակ չլինեն, որ այն ծանր վերամշակում է անցնում եւ կարող է մինչեւ 90 տոկոս ֆրուկտոզ պարունակել: Այնպես որ այս մրգի հետ առանձնապես հույսեր չկապեք:






