Շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտությունը, որ օրգանի քաղկեղի առաջացումն ախտորոշելու նպատակ է հետապնդում, վաղուց արդեն տարաձայնությունների տեղիք է տալիս, վերջերս՝ 160 հազար մասնակիցների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն էլ չեն կարող հարցին վերջնական լուծում տալ, հաղորդում է NewsMax Health-ը:

Եվրոպական երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արյան վերոհիշյալ հետազոտությունը հիվանդությունից մահացության մակարդակը 20 տոկոսի չափով նվազեցնելու ներուժ ունի:

Այդուհանդերձ, ռիսկերը հաշվի առնելով, վերլուծության հեղինակները խորհուրդ են տալիս հետազոտությունը պարբերական չդարձնել:

«Շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտությունը օրգանի քաղցկեղից մահացության մակարդակը նշանակալիորեն նվազեցնելու հնարավորություն է ընձեռում, գրեթե նույնչափ, եւ նույնիսկ ավելի, քան կրծքագեղձի քացկեղի ախտորոշմանը միտված հետազոտությունները կարող են արձանագրել: Այդուհանդերձ, 40 տոկոս հավանականությամբ  գերախտորոշում կարող է տեղի ունենալ, ինչը, անհամաչափ բուժման արդյունքում, կողմնակի ազդեցությունների՝ անմիզապահության եւ իմպոտենցիայի առաջացման սպառնալիք է պարունակում», - նշել է հետազոտության հեղինակ, Էրասմուսի համալսարանին (Նիդեռլանդներ) կից գործող բժշկական կենտրոնի աշխատակից Ֆրից Շրոդերը:   

Շագանակագեղձի քաղցկեղի համատեքստում «գերախտորոշմամբ» այն դեպքերն են նկարագրվում, երբ հայտնաբերված ուռուցքն աճի այնքան դանդաղ միտում ունի, որ չի կարող կյանքի համար սպառնալիք ներկայցնել, բայց եւ այնպես հիվանդը դեղամիջոցներ է ընդունում, որոնք կարող են անցանկալի կողմնակի ազդեցությունների հանգեցնել: 

Ութ եւրոպական երկրների 50-74 տարեկան բնակիչների շրջանում իրականացված հետազոտության մասնակիցները, պատահականության սկզբունքում, երկու խմբի են բաժանվել: Առաջին խմբում ներառվել են այն մարդիկ, որոնք հետագայում երկու կամ չորս տարին մեկ շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտության են ենթարկվել, երկրորդում՝ նրանք, ովքեր ընդհանրապես հետազոտության օգնությանը չեն դիմել: 

Հետազոտության չենթարկվածների հետ համեմատությամբ, առաջին խմբում ներառված մասնակիցների մոտ 9 տարի անց մահացության մակարդակի՝ 15 տոկոսի չափով ցածր ցուցանիշ է գրանցվել, իսկ ահա 13 տարի անց՝ 21 տոկոսով ցածր:

Այդուհանդերձ, դոկտոր Շրոդերը համոզմունք ունի, որ հետազոտության համատարած գործարկման ժամանակը դեռեւս չի եկել, քանի որ հետագա ուսումնասիրությունների կարիք է զգացվում՝ գերախտորոշման հավանականությունը նվազեցնելու եւ առանց անհրաժեշտության իրականացվող բիպոսիայից խուսափելու համար:

Ոլորտը ներկայացնող փորձագետներից շատերը համաձայն են Շրոդերի գնահատականի հետ: