Համակարգչի ստեղնաշարի օգնությամբ տեքստ կամ բանկոմատի վրա՝ ձեր գաղտնաբառը պարբերաբար հավաքելիս մկանային հիշողություն է ձեւավորվում, հաղորդում է Medical Daily-ն:

Ջոնս Հոպկինսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ մոտորային հիշողության այս տեսակը հետաքրքիր հատկություններ ունի: Մասնավորապես, բացահայտվել է, որ հիշյալ նույնական գործողությունների՝ յուրաքանչյուր հաջորդական անգամ առավել արագ իրականացման պատճառն այն է, որ մկանները երկու տիպի հիշողություն են ձեւավորում: Խոսքը ոչ միայն այն քայլերի մասին է, որոնք անհրաժեշտ են՝ կոնկրետ պարագայի համար, այլ նաեւ այն սխալների, որոնք նախընթաց փորձերի ընթացքում եք գործել: «Նոր մոտորային գործընթաց հիշելիս միաժամանակ երկու պրոցեսներ են ընթանում: Մեկով մոտորային հրահանգներն եք հիշում, մյուսով, մրցավարի նման, հիշողության արդյունավետությունը քննադատում», - մեկնաբանել է համալսարանին կից գործող բժշկական դպրոցի կենսաբժշկական ինժեներիայի ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Ռեզա Շադմեըրը:

Ներքին մրցավարը

Հետազոտության շրջանակում հատուկ փորձարկում է իրականացվել, որի մասնակիցները կառավարման բռնակի (ջոյսթիք) օգնությամբ էկրանին տեղակայված կապույտ նշիչը կարմիր թիրախի ուղղությամբ շարժելու հանձնարարություն են ստացել: Գիտնականները նախապես կապույտ նշիչի ծրագրային կոդում սխալ են ներառել՝ ուղղորդված շարժումը մի փոքր շեղելու եւ սխալ գործողություն հրահրելու համար: Այդուհանդերձ, մի քանի փորձերից հետո, մասնակիցներին հաջողվել է ճշգրտված շարժումների հասնել եւ հանձնարարության իրականացման հիշողություն ձեւավորել:

Ընդ որում, որքան փոքր է եղել ծրագրային սխալը եւ շեղումը՝ կարմիր թիրախից, այնքան ավելի արագ են մասնակիցները իրավիճակին հարմարվել: Հաջորդիվ, գիտնականները մտադիր են ուղեղը այն հատվածը հայտնաբերել, որը, մրցավարի կարգավիճակով, սխալ գործողությունների արժեքը գնահատելու գործառույթ է իրականացնում:

Հետազոտության արդյունքները կարող են մեծ արժեք ներկայացնել այն բժիշկների համար, որոնք ինսուլտից եւ այլ նյարդամոտորային վնասվածքներից տուժած հիվանդների ապաքինմամբ են զբաղվում: