Տարիներ առաջ հակաբիոտիկների հայտնագործությունը իսկական հեղաշրջում էր բժշկության մեջ, քանի որ մի շարք անբուժելի համարվող հիվանդություններով տառապող մարդիկ դրանց օգնությամբ ապաքինվելու հնարավորություն ձեռք բերեցին: Սակայն այսօր աշխարհը կանգնել է մեկ այլ՝ հակաբիոտիկների հանդեպ կայունության խնդրի առջեւ:
Խնդիրն այսօր ողջ աշխարհում է արդիական, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է ընտանեկան բժիշկ Գեւորգ Հոբայեանը (Մեծ Բրիտանիա): Նույնսիկ ԱՀԿ-ն էր ամիսներ առաջ ահազանգել այն մասին, որ հակաբիոտիկների հանդեպ կայունությունը հանրային առողջապահության համար լուրջ սպառնալիք է դարձել եւ կարող է հակաբիոտիկների դարաշրջանի ավարտին հանգեցնել:
Հակաբիոտիկների հանդեպ կայունության հիմնական պատճառներից մեկը դրանց սխալ նշանակումն ու օգտագործումն է. ցավոք, այս խնդիրը նաեւ Հայաստանի համար է խիստ արդիական: Գեւորգ Հոբայեանի կարծիքով, Հայաստանում հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածմանը եւ հակաբիոտիկների սխալ օգտագործմանն այն փաստն է նպաստում, որ այստեղ ցանկացած մարդ կարող է մտնել դեղատուն եւ ուժեղ հակաբիոտիկ գնել՝ նույնիսկ առանց բժշկի դուրս գրած դեղատոմսի:
NEWS.am Medicine-ը բազմիցս է անդրադարձել հակաբիոտիկների հանդեպ կայունության թեմային. եթե մեկ օր նման կայունություն ունեցող մարդուն հակաբիոտիկներով բուժում հարկավոր լինի, դրանք կարող են պարզապես չազդել նրա վրա, եւ սովորական ինֆեկցիոն հիվանդությունը մահացու կդառնա. հենց այդ վտանգի մասին են ԱՀԿ-ի մասնագետներն ահազանգում:
Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ երկրում հակաբիոտիկների հանդեպ կայունության դեմ պայքարի համար:
- • Բժիշկներին, Գեւորգ Հոբայեանի համոզմամբ, կրթել է պետք, որպեսզի սկսեն ավելի զգուշորեն հակաբիոտիկներ օգտագործել: Պետք է միշտ հիշել, որ հակաբիոտիկները արդյունավետ են միայն բակտերիալ հիվանդությունների ժամանակ, իսկ որեւէ նշանակում անելուց առաջ պետք է համոզվել, որ ընտրած դեղամիջոցը ճիշտ է, եւ հիվանդությունն առաջացնող բակտերիաները զգայուն են դրա նկատմամբ: Բժիշկները պետք է նաեւ հակաբիոտիկների բոլոր վտանգների մասին տեղյակ լինեն:
- • Լավ կլինի նաեւ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել՝ դեղատներում հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելու համար, որպեսզի մարդիկ ինքնաբուժությամբ չզբաղվեն եւ իրենց առողջությունը չվտանգեն։
Ի դեպ, այսօր մեկնարկած Ընտանեկան բժիշկների 2-րդ գիտաժողովին Գեւորգ Հոբայեանը հենց հակաբիոտիկների հանդեպ կայունության եւ դրա դեմ պայքարի մասին է խոսել:






