Մենթոլով սիգարետների երկրպագուները պատկերացում անգամ չունեն, թե որքան են դրանք իրենց վնասակարությամբ առանձնանում եւ ինչպիսի լուրջ խնդիրներ կարող են հարուցել՝ թոքերի համար: Համաձայն վիճակագրական տվյալների, վերջիններս, ի համեմատություն սովորական գլանակներ ծխողների, նշանակալիորեն առավել հաճախ են բուժհաստատությունների շտապ օգնության բաժանմունքներում հայտնվում:
The Daily Mail-ի հաղորդմամբ, հիշյալ դեպքերում հոսպիտալացման պատճառը գլխավորապես թոքային հիվանդությունների բարդացումներն են: Ի հավելումն, մենթոլը ցավազրկող ազդեցությամբ է աչքի ընկնում, ինչը չի կարող թոքերի ախտահարման վերհանմանը նպաստել:
Վիճակագրական տվյալների համաձայն, մենթոլային գլանակներ ծխող մարդիկ, ի տարբերություն սովորական ծխախոտի սիրահարների, երկու անգամ շատ նիկոտին են սպառում (շաբաթական 43 գլանակ՝ 26-ի դիմաց): Բացի այդ, մենթոլի սիրահարները հարցախույզի ընթացքում երեք անգամ առավել հաճախ են նշել, որ հաջորդ տարի եւս պատրաստվում են ծխել: Գիտնականները մենթոլային սիգարետներ ծխող 3758 եւ սովորական գլանակներից օգտվող 1941, ընդհանուր առմամբ՝ տարեկան առնվազն 10 տուփ սպառող մարդկանց վերաբերյալ տվյալներ են հավաքագրել:
Մենթոլային գլանակների սիրահարների խմբում ամենամեծ բաժինը երիտասարդ մարդիկ, կանայք եւ սեւամորթներն են ունեցել: Մեկ տարվա կտրվածքով խմբի անդամներից յուրաքանչյուրին թոքային հիվանդության սրման միջինը 0,22 դեպք է սպառնում, իսկ սովորական ծխողների խմբում ներառվածների համար ցուցանիշը 0,18 է կազմում: Բացի այդ, «մենթոլային խմբի» անդամները 6 րոպեի ընթացքում առավել կարճ տարածություն են անցել՝ սովորական գլանակներ ծխողների հետ համեմատությամբ եւ փորձարկման ավարտին էլ՝ շնչահեղձությունից բողոքել:
Նույնիսկ բոլոր հնարավոր կողմնակի գործոնները հաշվի առնելու պարագայում մենթոլային գլանակներ ծխող մարդկանց մոտ թոքերում սուր ախտանշանների ենթարկվելու՝ 29 տոկոսով բարձր ռիսկ է գործում:






