Մոտավորապես 7 ժամ 18 րոպե քնի տևողությունը կարող է առավել օգտակար լինել 2-րդ տիպի շաքարախտի նախորդողն ինսուլինային դիմադրության ռիսկը նվազեցնելու համար: Նման եզրակացության են հանգել հետազոտողները՝ վերլուծելով խոշոր զննական հետազոտության տվյալները: Հետազոտությունը հրապարակվել է BMJ Open Diabetes Research & Care բժշկագիտական հանդեսում:

Վերլուծությունը ներառել է 20-80 տարեկան 23 հազար 475 չափահասների տվյալներ, որոնք 2009-2023 թվականներին մասնակցել են ԱՄՆ-ի Ազգային առողջության և սննդի (NHANES) հետազոտության հարցմանը: Գիտնականները համեմատել են քնի տևողությունը eGDR միավորի հետ, որը ինսուլինի նկատմամբ զգայունության հաշվարկված ցուցանիշ է. որքան ցածր է eGDR-ն, այնքան բարձր է ինսուլինային դիմադրության ռիսկը:

Արդյունքները U-աձև կախվածություն են ցույց տվել քնի տևողության և նյութափոխանակության առողջության միջև: Առավել բարենպաստ ցուցանիշները նկատվել են նրանց շրջանում, ովքեր քնել են մոտավորապես 7 ժամ 18 րոպե: Քնի պակաս ունեցող անձանց քնի ավելացումը կապված է եղել նյութափոխանակության պարամետրերի բարելավման հետ: Սակայն, եթե քնի տևողությունը գերազանցում էր այդ մակարդակը, լրացուցիչ հանգիստն, ընդհակառակը, կապված էր գլյուկոզի նյութափոխանակության խանգարումների ավելի բարձր ռիսկի հետ, հատկապես կանանց և 40-59 տարեկան տղամարդկանց շրջանում։

Բացի դրանից, հետազոտությունը ցույց է տվել, որ հանգստյան օրերին քնի պակասը լրացնելը կարող է տարբեր ազդեցություն ունենալ։ Աշխատանքային օրերին քնից զրկվածների շրջանում հանգստյան օրերին լրացուցիչ 1-2 ժամ քունը կապված էր ավելի բարենպաստ նյութափոխանակության պարամետրերի հետ։ Սակայն, այն մարդկանց շրջանում, ովքեր արդեն սովորականից բավարար կամ ավելի շատ են քնում, երկու ժամից ավելի լրացուցիչ քունը կապված էր գլյուկոզի նյութափոխանակության ավելի վատ պարամետրերի հետ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ երաժշտություն պարբերաբար լսելը ևս բարելավում է տարեցների քնի որակը։