Եվրոպական տարածաշրջանում 2024 թվականին տուբերկուլյոզի (թոքախտի) յուրաքանչյուր հինգ դեպքից մեկը մնացել է չախտորոշված ​​կամ չհայտարարագրված: Դրա մասին տուբերկուլյոզի հսկողության վերաբերյալ համատեղ զեկույցում հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC)։

Նշվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկիր ներառող Եվրոպական տարածաշրջանը, որոնցից 30-ը Եվրամիության և Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՄ/ԵՏՀ) անդամ են, շարունակում է հետ մնալ տուբերկուլյոզի վերացման տարածաշրջանային և գլոբալ նպատակներից, ինչն արտացոլում է թերախտորոշման և դեղորայքային դիմադրության մակարդակների կայունությունը, որոնք առաջվա նման զգալիորեն բարձր են, քան մյուս տարածաշրջաններում։

2024 թվականին 53 երկրներից 51-ում գրանցվել է տուբերկուլյոզի 161 հազար 569 նոր և կրկնվող դեպք (17,2 դեպք՝ 100 հազար մարդու հաշվով): Այդ հիվանդության նոր դեպքերի 23%-ը Եվրոպայում դեղորայքային դիմադրողականություն ունի, համաշխարհային 3.2%-ի համեմատ։ Եվրոպայում նախկինում բուժված տուբերկուլյոզի դեպքերի 51%-ը կայուն է հակատուբերկուլյոզային հակաբիոտիկ ռիֆամպիցինի նկատմամբ (համաշխարհային 16%-ի համեմատ):

Չնայած Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլյոզի դեպքերը 2015 թվականից ի վեր նվազել են 39%-ով, իսկ մահացությունները՝ 49%-ով, երկու ցուցանիշներն էլ զգալիորեն ցածր են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2025 թվականի ռազմավարությամբ» սահմանված 50% և 75% նպատակներից: ԵՄ/ԵՏՄ երկրներում տուբերկուլյոզի դեպքերը նվազել են 33%-ով, իսկ մահացությունները՝ 17%-ով, սակայն արդեն իսկ պարզ է, որ ԵՄ/ԵՏՄ երկրների մեծ մասը չի հասնի 2030 թվականի նպատակներին, ինչը կհանգեցնի հազարավոր նոր դեպքերի և մահերի, որոնցից կարելի էր խուսափել:

«Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլյոզով հիվանդ յուրաքանչյուր հինգերորդը դեռևս թերախտորոշված ​​է: Դա ոչ միայն ախտորոշման թերություն է, այլև բուժումը վաղ սկսելու, տառապանքը կանխելու և վարակի հետագա տարածումը կանխելու բաց թողնված հնարավորություն: Մենք առաջընթաց ենք գրանցել. 2015 թվականից ի վեր տուբերկուլյոզի դեպքերը նվազել են 39%-ով, իսկ «մահացության մակարդակը նվազել է 49%-ով»: Սակայն մենք դեռևս բավականաչափ արագ չենք շարժվում, և դեղորայքակայուն տուբերկուլյոզը մնում է մեր առջև ծառացած ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

Ըստ այս տարվա Տուբերկուլյոզի համաշխարհային օրվա կարգախոսի՝ այո՛, մենք կարող ենք վերջ դնել տուբերկուլյոզին՝ շնորհիվ երկրների և մարդկանց ջանքերի։ Արագ ախտորոշման, ավելի կարճատև բերանային բուժման ռեժիմների և ավելի արդյունավետ հսկողության մեջ ներդրումներ կատարելով՝ երկրները կարող են վաղ հասնել ավելի շատ մարդկանց, բարելավել արդյունքները և վերադառնալ մեր նպատակներին հասնելու ուղուն»,- մեկնաբանել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։