Տարիքի հետ գրիպի եւ COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը զգալիորեն ավելանում է, եւ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը բացատրում է, թե ինչու է այդպես տեղի ունենում։

Աշխատանքը, որը հրապարակվել է Immunity ամսագրում, ցույց է տալիս, որ թոքերի ծերացող բջիջները իրենք կարող են պատճառ դառնալ չափից ավելի մեծ բորբոքային ռեակցիայի՝ համեմատաբար թեթեւ վարակը վերածելով լուրջ հիվանդության։

Հետազոտողները կենտրոնացել են ֆիբրոբլաստների՝ կառուցվածքային բջիջների վրա, որոնք պահում են թոքի հյուսվածքի  ձեւն ու ամբողջականությունը։ Նորմալ վիճակում դրանք ապահովում են շնչուղիների աշխատանքը, բայց փորձի ընթացքում գիտնականներն արհեստականորեն ակտիվացրել են դրանցում երիտասարդ մկների ծերացման ազդանշանները։ Դա հանգեցրել է անսպասելի արդյունքի. թոքերում սկսել են ձեւավորվել բորբոքային բջիջների կուտակումներ, ներառյալ հատուկ իմունային բջիջները՝ GZMK մարկերով, որոնք ավելի վաղ  հայտնաբերվել էին COVID-19-ի ծանր ձեւերի ժամանակ։

Ինչպես պարզվել է, կարեւոր դեր խաղում է NF-kB ազդանշանային ուղին՝ կապված տարիքային հիվանդությունների հետ։ Դրա ազդեցությամբ ֆիբրոբլաստներն ակտիվացնում են մակրոֆագները, իսկ հետո թոքերում առաջանում են լրացուցիչ իմունային բջիջներ արյունից։ Ընդ որում, GZMK մարկեր ունեցող բջիջները գրեթե չեն պայքարում վարակի դեմ, բայց կարող են վնասել հյուսվածքները՝ ուժեղացնելով բորբոքումը։ Արդյունքում՝ երիտասարդ մկների թոքերը սկսում են արձագանքել վարակին նույնքան ծանր, որքան տարեցներինը։

Երբ գիտնականները հեռացրել են այդ բջիջները գենետիկ միջամտության օգնությամբ, թոքերի կայունությունը վարակի հանդեպ վերականգնվել է։ Դա մատնանշում  է այն, որ հյուսվածքների ծերացման պրոցեսն ինքը կարող է լինել պաթոլոգիկ բորբոքման աղբյուր, երեւույթ, որը հայտնի է որպես «բորբոքային ծերացում»։

Լրացուցիչ հաստատում ստացվել է COVID-19 եւ սուր շնչառական դիսթրես-համախտանիշ ունեցող տարեց պացիենտների թոքերի հյուսվածքի ուսումնասիրության ժամանակ։ Նրանց մոտ հայտնաբերել են բջիջների նույն բորբոքային կուտակումները, ընդ որում՝ դրանց քանակն ուղիղ հարաբերակցվել է վիճակի ծանրության հետ։ Առողջ դոնորների մոտ նման փոփոխություններ չեն եղել։

Հեղինակների կարծիքով՝ թոքերի բջիջների եւ իմունային համակարգի միջեւ փոխազդեցությունը ձեւավորում է փակ շրջան, որը խթանում է բորբոքումն անգամ վիրուսի անհետանալուց հետո։ Սա հեռանկարներ է բացում թերապիայի նոր մեթոդների մշակման համար՝ ուղղված այդ մեխանիզմի արգելակմանը մինչեւ  կրիտիկական վիճակի առաջացումը։