Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է կորոնավիրուսի նոր, խիստ մուտացիայի ենթարկված BA.3.2 շտամի տարածմանը, որն ստացել է «Ցիկադա» անվանումը։ Այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է 23 երկրում, իսկ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) վարակման դեպքեր է արձանագրել 25 նահանգում՝ ճամփորդների քսուքներում, պացիենտների կլինիկական նմուշներում և կոյուղաջրերի փորձանմուշներում։

Շտամն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ նախնական հայտնաբերումից հետո երկար ժամանակ մի շարք տարածաշրջաններում մնացել է «քնած» վիճակում՝ նմանվելով համանուն միջատին, որն ընդունակ է տարիներով մնալ հողի տակ։

«Ցիկադայի» գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երեխաներn ավելի հաճախ են վարակվում հիվանդությամբ, քան մեծահասակները։ Նյու Յորքում հիվանդացության դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ երեխաների մոտ BA.3.2-ի դրական թեստի հավանականությունն ավելի բարձր է։ Քեմբրիջի թերապևտիկ իմունոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Ռավինդրա Գուպտան դա բացատրում է թերի ձևավորված իմունիտետով. երեխաներն ավելի քիչ են առնչվել վիրուսների և քովիդային վարակների հետ, ուստի նոր շտամի դեմ նրանց պաշտպանությունը զգալիորեն ավելի թույլ է։ Մեծահասակների իմունիտետն ամրապնդվել է տարիների ընթացքում, իսկ երեխաները դրա համար պարզապես ժամանակ չեն ունեցել։ Մի շարք հետազոտողներ նաև հնարավոր են համարում, որ կարևոր դեր է խաղում նաև շտամի խիստ մուտացված սպիտակուցը։ Գուպտան և իր թիմն այժմ ուսումնասիրում են երեխաներից վերցված նմուշները՝ առավել հստակ պատասխան ստանալու համար։

Թոքերի, սրտի քրոնիկ հիվանդություններ կամ իմունային անբավարարություն ունեցող երեխաների ծնողներին փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկական օգնության։ Իսկ առողջ երեխաների մեծամասնության մոտ հիվանդությունը պետք է անցնի ինքնըստինքյան։

Չնայած մասնագետների զգուշավորությանը՝ խուճապի մատնվելու առիթ չկա։ ԱՀԿ-ն շտամին շնորհել է «հսկողության տակ գտնվող» կարգավիճակ և դեռ դեկտեմբերին փաստել էր, որ «Ցիկադայի» հետ կապված ծանր դեպքերի, հոսպիտալացումների կամ մահերի աճի մասին տվյալներ չեն ստացվել։ Ախտանշանները մնում են ստանդարտ Covid-19-ի համար՝ տենդ, հազ, կոկորդի ցավ, հոգնածություն, գլխացավ և հևոց, և չեն տարբերվում մյուս շտամներից։

CDC-ն BA.3.2-ը բնութագրել է որպես «բարձր դիվերգենտային». այն զգալիորեն տարբերվում է սկզբնական «Օմիկրոնից», ինչը դժվարացնում է իմունային համակարգի կողմից դրա ճանաչումը և թույլ է տալիս մասնակիորեն շրջանցել արդեն ձևավորված իմունիտետը։ Այդուհանդերձ, գոյություն ունեցող պատվաստանյութերը դեռևս պաշտպանում են մարդկանց․ պատվաստվածներն, ամենայն հավանականությամբ, հիվանդությունը կտանեն թեթև ձևով։ Պատվաստանյութերի նոր տարբերակները, որոնք հատուկ ուղղված կլինեն «Ցիկադայի» դեմ, կմշակվեն միայն վարակումների և ծանր դեպքերի կտրուկ աճի պարագայում։

Բարձր ռիսկի խմբում են մնում 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդություններ և թույլ իմունիտետ ունեցող պացիենտները։

Արևելյան Անգլիայի համալսարանի համաճարակաբան Փոլ Հանթերը հիշեցնում է, որ նոր շտամների հայտնվելը բնականոն երևույթ է և SARS-CoV-2-ը, ըստ ամենայնի, ոչ մի տեղ չի անհետանա։ Նոր տարբերակները կհանգեցնեն հիվանդացության ալիքների, սակայն ծանր դեպքերի և մահերի թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի նվազել։ Ըստ նրա՝ Covid-19-ը վերածվում է սովորական սեզոնային շնչառական վարակներից մեկի։