Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հետազոտողները մշակել են փափուկ բիոէլեկտրոնային իմպլանտ, որն ընդունակ է օգնելու նվազեցնել արյան ճնշումն առանց դեղահաբերի օգտագործման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Device հանդեսում։

Մոտավորապես մատնաչափ այս մանրակերտ սարքն ամրացվում է քներակին և ներգործում բարոռեցեպտորների (ճնշընկալիչների)՝ արյան ճնշման բնական կարգավորմանը մասնակցող զգայուն նյարդային վերջույթների վրա։

Իմպլանտը պատրաստված է ճկուն հիդրոգելից՝ 3D տպագրության միջոցով։ Փափուկ կառուցվածքի շնորհիվ սարքն ընդունակ է ձգվել օրգանիզմի հյուսվածքների հետ մեկտեղ՝ նվազեցնելով անոթների վնասման ռիսկը։

fx1_lrg.jpg (129 KB)

Առնետների վրա փորձարկումների ժամանակ նոր տեխնոլոգիան թույլ է տվել նվազեցնել արյան ճնշումը միջինում ավելի քան 15%-ով։ Ընդ որում, տեղադրումից երկու շաբաթ անց հետազոտողներն իմպլանտի շուրջ բորբոքման կամ հյուսվածքների վնասման որևէ նշան չեն հայտնաբերել։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս մշակումը կարող է հեռանկարային տարբերակ դառնալ այն բուժառուներին օգնելու համար, որոնք տառապում են կայուն (ռեզիստենտ) հիպերտոնիայով, որի դեպքում ավանդական դեղամիջոցները բավարար չափով արդյունավետ չեն լինում։

Այժմ գիտնականների թիմը պատրաստվում է փորձարկումների հաջորդ փուլերին և ծրագրում է սարքը հարմարեցնել մարդկանց վրա կիրառելու համար։

Ավելի վաղ հետազոտողները հայտնել էին նաև, որ անանուխի յուղի փոքր չափաբաժինները նույնպես կարող են նպաստել արյան ճնշման նվազեցմանը։