Ամեն տարի աշխարհում մոտ հինգ միլիոն երեխա է մահանում, սակայն այս մահերի մեծ մասը հնարավոր է կանխել։ Մանկական մահացության պատճառների ընկալումը դրա մակարդակի նվազեցմանն ուղղված հիմնական քայլերից մեկն է։
«Our World in Data»-ի հետազոտողները նոր վերլուծության մեջ ուսումնասիրել են երեխաների մահվան հիմնական պատճառներն ամբողջ աշխարհում՝ օգտագործելով «Global Burden of Disease» հետազոտության տվյալները։ Նրանց ստեղծած ինտերակտիվ վիզուալիզացիան լուրջ տարբերություններ է ցույց տալիս երկրների և տարիքային խմբերի միջև, ինչպես նաև ընդգծում է, որ այս մահերից շատերը կարելի է կանխել առողջապահության, պատվաստումների, սնուցման և անվտանգության միջոցառումների բարելավման շնորհիվ։
2023 թվականին աշխարհում մահացել է մինչև հինգ տարեկան մոտ 4,7 միլիոն երեխա։ Այս մահերի ավելի քան 40%-ը կապված է եղել վարակիչ հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, մալարիան, լուծային վարակները և կարմրուկը։ Եվս 42%-ը պայմանավորված է եղել ծննդաբերական բարդություններով, ներառյալ՝ վաղաժամ ծննդաբերությունը, նեոնատալ ասֆիքսիան և կյանքի առաջին շաբաթների վարակները։
Վարակիչ պատճառների թվում առաջատարն են եղել շնչառական վարակները, որոնք դարձել են շուրջ 667 հազար մահվան պատճառ։ Մալարիան խլել է ավելի քան 400 հազար երեխայի կյանք ամբողջ աշխարհում։ Վաղաժամ ծննդաբերության հետ կապված բարդությունները հանգեցրել են ավելի քան 620 հազար մահվան։
Տվյալները ցույց են տալիս նաև կտրուկ կոնտրաստ ցածր և բարձր եկամուտ ունեցող երկրների միջև։ Նիգերիայում վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ մանկական մահացության հիմնական պատճառը՝ կազմելով մինչև հինգ տարեկան երեխաների բոլոր մահերի ավելի քան կեսը։ Միայն մալարիան 2023 թվականին եղել է երկրում մանկական ամեն հինգերորդ մահվան պատճառը։ Հետազոտողները նշում են, որ այս մահերից շատերը կարելի է կանխել պատվաստումների, բուժման հասանելիության և մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավման միջոցով։
Բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, վարակիչ հիվանդությունները զգալիորեն ավելի հազվադեպ են դառնում երեխաների մահվան պատճառ։ Այստեղ դեպքերի մեծ մասը կապված է վաղաժամ ծննդաբերության բարդությունների և բնածին պատոլոգիաների հետ։ Մեծ Բրիտանիայում մանկական մահերի գրեթե 40%-ը պայմանավորված է եղել հենց վաղաժամ ծնվելուց առաջացած բարդություններով։
Մահացության պատճառները փոխվում են նաև երեխաների տարիքին զուգընթաց։ 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում զգալիորեն մեծանում է վնասվածքների դերը։ Ճանապարհատրանսպորտային պատահարները, ջրահեղձումները և այլ դժբախտ պատահարները կազմում են այս տարիքային խմբի մահերի գրեթե մեկ երրորդն ամբողջ աշխարհում։ Զգալի մասնաբաժին են կազմում նաև մանկական ուռուցքային հիվանդությունները։
Հետազոտողներն ընդգծում են, որ առաջընթացն հնարավոր է։ Վերջին տասնամյակների ընթացքում շատ երկրներում մանկական քաղցկեղից և ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը կտրուկ նվազել է՝ բժշկության զարգացման, պատվաստումների ծրագրերի և հանրային անվտանգության միջոցառումների բարելավման շնորհիվ։
Հեղինակների խոսքով՝ մանկական մահացության նվազեցումը սկսվում է այն բանի գիտակցումից, թե որտեղ, ինչու և ինչպես են մահանում երեխաները, և այդ գիտելիքների կիրառումից՝ կանխարգելումն ու առողջապահական համակարգը բարելավելու համար։






