Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) առողջապահական մարմինները հայտնում են Էբոլա վիրուսով վարակման դեպքերի զգալի աճի մասին։ Երկրի արևելյան շրջաններում բռնկման տարածմանը զուգընթաց՝ հաստատված դեպքերի թիվը հասել է 550-ի, իսկ զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 101-ի։

Երկուշաբթի օրը հրապարակված վերջին համաճարակաբանական ամփոփագրի համաձայն՝ միայն կիրակի օրը Իտուրի և Հյուսիսային Կիվու նահանգներում գրանցվել է վարակման 35 նոր հաստատված դեպք և 10 մահ։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս յոթ պացիենտ, ինչի շնորհիվ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 19-ի։

Թեև վերջին տվյալները մատնանշում են գրանցվող դեպքերի չնչին նվազում, մասնագետները նախագուշակում են, որ համաճարակը շարունակում է թափ հավաքել։ Փորձագետների կարծիքով՝ տեմպերի տեսանելի դանդաղումը կարող է պայմանավորված լինել լաբորատոր հետազոտությունների և տվյալների մշակման ուշացումներով, այլ ոչ թե վիրուսի փոխանցման մակարդակի իրական անկմամբ։

Կիրակի օրվա դրությամբ բժշկական հաստատություններում մեկուսացված կամ բուժում էր ստանում 309 մարդ, այդ թվում՝ Էբոլայի հաստատված ախտորոշմամբ 116 պացիենտ և վարակման կասկածանքով 193 հոգի, որոնք սպասում են լաբորատոր պատասխաններին։

Իշխանություններն ակտիվացրել են վարակակիրների հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման աշխատանքները։ Հսկողության տակ է գտնվում 5418 մարդ, ովքեր կարող էին շփված լինել հիվանդների հետ։ Այդուհանդերձ, հաջողվել է վերահսկել շփումների միայն 3489-ը, ինչը կազմում է ընդհանուր թվի 64,4%-ը։ Սա զգալիորեն ցածր է պահանջվող 95% ցուցանիշից (որն անհրաժեշտ է բռնկումն արդյունավետորեն զսպելու համար)։

Բժշկական ծառայությունները հայտնում են նաև լաբորատորիաների ծանրաբեռնվածության աճի մասին, հատկապես Հյուսիսային Կիվու նահանգում։ Ռեագենտների պակասի պատճառով կուտակվել է հետազոտության սպասող 183 նմուշ։ Նման ուշացումները մտահոգություն են առաջացնում վարակման նոր դեպքերը ժամանակին հայտնաբերելու և մեկուսացնելու կարողության վերաբերյալ։

Ընթացիկ բռնկման մասին ԿԴՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր մայիսի 15-ին։ Հարուցիչը Էբոլա վիրուսի Bundibugyo շտամն է։ Թեև այն ավելի հազվադեպ է հանդիպում, քան Կենտրոնական Աֆրիկայում մի քանի խոշոր համաճարակների պատճառ դարձած Zaire շտամը, այս տարբերակը նույնպես կարող է առաջացնել հիվանդության ծանր ընթացք և ունի մահացության բարձր մակարդակ։

Բռնկման գոտում հայտնված Իտուրի, Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներում ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 15 միլիոն մարդ։ Տարածաշրջանը բախվում է լրջագույն հումանիտար խնդիրների, այդ թվում՝ բնակչության զանգվածային ներքին տեղահանումների և սահմանային ակտիվ տեղաշարժերի։ Մասնագետների խոսքով՝ այս գործոնները կարող են էապես բարդացնել բռնկման տեղայնացման միջոցառումները և մեծացնել դրա հետագա տարածման վտանգը։

Էբոլան ծանր վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարդկանց և պրիմատներին։ Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին՝ ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Հարավային Սուդանի տարածքներում միաժամանակ բռնկված համաճարակների ժամանակ։ Առանց ժամանակին ցուցաբերվող բուժման հիվանդությունը կարող է հանգեցնել բարձր ջերմության, հեմորագիկ բարդությունների, օրգանների անբավարարության և մահվան։

Միջազգային առողջապահական կազմակերպությունների աջակցությամբ Կոնգոյի իշխանությունները շարունակում են իրականացնել համաճարակաբանական հսկողություն, հիվանդների բուժում և շփումների հետագծում՝ փորձելով վերահսկողության տակ առնել բռնկումն ու կանխել տարածաշրջանից դուրս դրա տարածումը։