Լասսա տենդից և կատաղությունից միաժամանակ պաշտպանելու համար նախատեսված փորձարարական պատվաստանյութը խոստումնալից արդյունքներ է ցուցաբերել մարդկանց մասնակցությամբ իրականացված առաջին կլինիկական հետազոտության ընթացքում։ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի և Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնել են, որ LASSARAB պատվաստանյութն անվտանգ է, օրգանիզմի կողմից լավ տանելի և երկու վիրուսների դեմ էլ հզոր իմունային պատասխան է ձևավորել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Nature Medicine ամսագրում։

Լասսա տենդը վիրուսային հեմորագիկ հիվանդություն է, որը տարածված է Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում։ Յուրաքանչյուր տարի այն առաջացնում է 300-ից 500 հազար վարակման դեպք և ավելի քան 5 հազար մահ։ Հիվանդությունը կարող է հանգեցնել ծանր բարդությունների, այդ թվում՝ օրգանների ախտահարման, լսողության կորստի և տևական նյարդաբանական խանգարումների։ Չնայած այս լուրջ սպառնալիքին՝ Լասսա տենդի դեմ արտոնագրված պատվաստանյութ մինչ օրս գոյություն չունի։

LASSARAB-ի հիմքում ընկած է կատաղության ինակտիվացված վիրուսը, որը գենետիկորեն ձևափոխվել է Լասսա վիրուսի գլիկոպրոտեինային համալիրն արտադրելու համար։ Համակցվելով սինթետիկ ադյուվանտի  հետ՝ պատվաստանյութն օգտագործում է կատաղության դեմ արդեն իսկ գոյություն ունեցող պատվաստանյութերի առավելությունները՝ ապացուցված անվտանգությունը, հաստատված արտադրական ենթակառուցվածքները և մատակարարման համաշխարհային ուղիները։ Լասսա տենդի դեմ մշակվող հիմնական պատվաստանյութերի շարքում LASSARAB-ը միակ թեկնածուն է, որն ստեղծվել է ինակտիվացված կամ թուլացված վիրուսի հիմքով։

Առաջին փուլի պատահականացված հետազոտությանը մասնակցել է 18-ից 50 տարեկան 54 առողջ կամավոր։ Մասնակիցները ստացել են տարբեր դեղաչափերով LASSARAB-ի երկու դեղաչափ, կամ էլ՝ կատաղության դեմ արտոնագրված պատվաստանյութ՝ որպես ստուգիչ դեղամիջոց։ Որևէ լուրջ կողմնակի ազդեցություն կամ ծանր ռեակցիա չի գրանցվել։ Ամենահաճախ հանդիպող ոչ ցանկալի երևույթներն են եղել ներարկման տեղում զգայունությունը, ցավը և թեթև գրիպանման ախտանիշները, որոնք կրել են ժամանակավոր բնույթ և անցել են առանց լրացուցիչ բուժման։

Պատվաստանյութը նաև բարձր իմունոգենություն է ցուցաբերել։ Առաջին դեղաչափից 61 օր անց LASSARAB ստացած մասնակիցների 100%-ի մոտ հայտնաբերվել են Լասսա վիրուսի նկատմամբ հակամարմիններ, մինչդեռ ստուգիչ խմբում նման արձագանք չի նկատվել։ Բացի այդ, բոլոր պատվաստվածների մոտ կատաղության վիրուսի դեմ չեզոքացնող հակամարմինների մակարդակը գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած պաշտպանիչ շեմը, ինչը համապատասխանում է կատաղության դեմ արտոնագրված պատվաստանյութերի ցուցանիշներին։

Հետազոտության ավագ հեղինակ, Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Պատվաստանյութերի և համավարակների պատրաստվածության կենտրոնի տնօրեն Մաթիաս Յ. Շնելլի խոսքով՝ այս աշխատանքը դարձել է առաջին կլինիկական ապացույցն այն բանի, որ կատաղության վիրուսի հիմքով ստեղծված հարթակն ունակ է մարդկանց մոտ անվտանգ կերպով իմունիտետ ձևավորել Լասսա վիրուսի դեմ։ Նա նշել է, որ մեկ պատվաստանյութում երկու հիվանդություններից պաշտպանության միավորումը կարող է զգալիորեն բարելավել հանրային առողջապահության վիճակն այն տարածաշրջաններում, որտեղ երկու վարակներն էլ էնդեմիկ են։

Կլինիկական հետազոտության ղեկավար Ջասթին Օրտիսն ընդգծել է, որ փորձարկումների այս վաղ փուլի նպատակը եղել է անվտանգության և իմունային պատասխանի գնահատումը, այլ ոչ թե հիվանդության կանխարգելման արդյունավետությունը։ Պաշտպանության տևողությունը և իրական արդյունավետությունը հաստատելու համար կպահանջվեն ավելի մասշտաբային հետազոտություններ և երկարատև դիտարկումներ, հատկապես այն երկրներում, որտեղ Լասսա տենդը լայնորեն տարածված է։

Այդուհանդերձ, ստացված արդյունքները հիմք են տալիս շարունակելու LASSARAB-ի հետագա կլինիկական մշակումը՝ որպես նոր սերնդի պատվաստանյութ, որն ունակ է միանգամից պաշտպանել համաշխարհային առողջապահության համար երկու լուրջ վարակիչ սպառնալիքներից։