Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում Էբոլա տենդի բռնկման հետևանքով հաստատված դեպքերի թիվը հատել է 1000-ի սահմանը։ Առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ մահացածների թիվը հասել է 254-ի։
Կիրակի օրը հրապարակված հայտարարության համաձայն՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1003։ Մայիսի 15-ին բռնկման մասին պաշտոնական հայտարարությունից ի վեր ապաքինվել է 100 պացիենտ։
Բռնկման էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտուրի նահանգը։ Հիվանդությունը հարուցվել է Էբոլա վիրուսի հազվադեպ հանդիպող տարբերակով՝ «Բունդիբուգիո» շտամով, որի դեմ ներկայումս հաստատված պատվաստանյութ կամ հատուկ բուժում գոյություն չունի։
Մասնագետներն այս բռնկումն անվանում են տարածման առաջին ամսվա կտրվածքով ամենածանրը՝ այս շտամի նախկինում գրանցված բոլոր բռնկումների համեմատ։ Միևնույն ժամանակ, նրանք զգուշացնում են, որ հիվանդների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ շատ դեպքեր մնում են չհայտնաբերված, իսկ համաճարակի գագաթնակետն, ամենայն հավանականությամբ, դեռ առջևում է։
Լրջագույն խնդիր է մնում վարակակիրների շփումների բացահայտումը։ Ներկայումս բժշկական ծառայություններին հաջողվում է հսկողության տակ վերցնել հիվանդների հետ շփված անձանց միայն մոտ 55%-ին, ինչը դժվարացնում է նոր դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու մեկուսացումը։
Իշխանություններին դեռևս չի հաջողվել պարզել բռնկման աղբյուրն ու հայտնաբերել այսպես կոչված «զրոյական պացիենտին»։ Բացի այդ, դեռևս հայտնաբերման և հսկողության կարիք ունեն ավելի քան 35 հազար մարդ, ովքեր կարող էին շփում ունեցած լինել վարակվածների հետ։
Փորձագետներն ընդգծում են, որ առաջիկա շաբաթներին վարակի հետագա տարածումը կանխելու համար վճռորոշ նշանակություն կունենան համաճարակաբանական հսկողության ուժեղացումը, հիվանդության վաղ հայտնաբերումն ու շփումների արդյունավետ հետագծումը։






