Երբ խոսքը գնում է առողջապահության զարգացման մասին, սովորաբար նկատի են ունենում նոր հիվանդանոցները, ժամանակակից սարքավորումներն ու դեղամիջոցները։ Սակայն Հնդկաստանի փորձը ցույց է տալիս, որ բնակչության առողջական վիճակի բարելավումը միշտ չէ, որ սկսվում է հենց բժշկական հաստատություններից։

Երևանում Հնդկաստանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ներկայացրել է Ընտանիքների առողջության ազգային 6-րդ հետազոտության (NFHS-6) արդյունքները, որն ավելի քան 700 հազար կին և շուրջ 680 հազար տնային տնտեսություն է ընդգրկել ողջ Հնդկաստանում։ Ներկայացված տվյալները վկայում են ոչ միայն բժշկության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին, այլև փաստում են, որ առողջապահական ցուցանիշների բարելավման գործում վճռորոշ դեր են խաղացել սանիտարական պայմանների, թվայնացման, ֆինանսական հասանելիության և կանանց իրավունքների ընդլայնմանն ուղղված բարեփոխումները։

Զուգարանները՝ որպես առողջապահական գործիք

Ամենաարտասովոր օրինակներից մեկը զուգարանների կառուցման ազգային ծրագիրն է։

Ինչպես հայտնել են դեսպանատնից, 2014 թվականին իշխանության գալուց հետո Նարենդրա Մոդիի կառավարության առաջնահերթություններից մեկը դարձել է սանիտարահիգիենիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այդ շրջանում վարչապետը հանրայնացրել է մի թեմա, որը տասնամյակներ շարունակ դուրս է եղել քաղաքական օրակարգից. խոսքը միլիոնավոր տնային տնտեսություններում սանիտարական հանգույցների բացակայության մասին է։

Հենց պատշաճ սանիտարական պայմանների բացակայությունն է հանդիսանում վարակիչ հիվանդությունների տարածման, մանկական մահացության բարձր մակարդակի և աղջիկների՝ դպրոց հաճախելիության ցածր ցուցանիշների հիմնական պատճառներից մեկը։

Այսօր երկրում գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսություն ունի զուգարանից օգտվելու հնարավորություն, իսկ Հնդկաստանը պաշտոնապես հայտարարվել է բացօթյա արտաթորման պրակտիկայից ազատված գոտի։

Հնդիկ դիվանագետի խոսքով՝ այս բարեփոխման հետևանքները շատ ավելի լայն ու ընդգրկուն են եղել, քան ակնկալվում էր. բարելավվել են հիգիենայի ցուցանիշները, նվազել է մի շարք հիվանդությունների տարածումը, բարձրացել է դեռահաս աղջիկների՝ դպրոց հաճախելու ցուցանիշը, ինչպես նաև մեծացել է կանանց անվտանգության մակարդակը։

Մաքուր ջուր՝ դեղամիջոցների փոխարեն

Մյուս ուղղությունը դարձել է գյուղական շրջանները խմելու ջրով ապահովելու ծրագիրը։

Ըստ Ընտանիքների առողջության ազգային 6-րդ հետազոտության (NFHS-6) տվյալների՝ երկրի բնակիչների արդեն 96,5%-ն ունի բարելավված ջրաղբյուրների հասանելիություն։ Սա նշանակում է, որ շատ գյուղերում կանայք այլևս ստիպված չեն լինի մի քանի կիլոմետր անցնել ջուր տեղափոխելու համար։ Ազատված ժամանակը թույլ է տալիս երեխաներին ավելի շատ հաճախել դպրոց, իսկ կանանց՝ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու սեփական առողջությանը։

Միլիոնավոր կանայք՝ բժշկական համակարգի ոլորտում

Առողջապահության զարգացման գործում առանձնահատուկ դեր է խաղացել առաջնային օգնության աշխատակիցների յուրօրինակ ցանցը, որոնք հայտնի են որպես ASHA աշխատակիցներ։

Այսօր Հնդկաստանում գործում է ավելի քան մեկ միլիոն նման աշխատակից (բոլորը կանայք են)։ Նրանք այցելում են գյուղական ընտանիքներ, հետևում հղիների վիճակին, վերահսկում երեխաների պատվաստումները և օգնում բնակիչներին օգտվել բժշկական ծառայություններից։ Հենց այս համակարգի շնորհիվ է հաջողվել տպավորիչ արդյունքներ գրանցել մայրական և մանկական առողջության պահպանման ոլորտում։

Հետազոտության համաձայն՝ երկրում ծնունդների ավելի քան 90%-ն այժմ ընդունվում է բժշկական հաստատություններում, իսկ երեխաների պատվաստումների ընդգրկվածությունը հասել է 87,1%-ի։ Մայրական մահացությունը վերջին երկու տասնամյակում կրճատվել է 65%-ով՝ 100 հազար կենդանի ծնվածի հաշվով 254-ից նվազելով մինչև 87 դեպքի։

Առողջապահություն՝ բանկային հաշվի միջոցով

Առողջական ցուցանիշների բարելավման մեկ այլ անսպասելի գործոն էլ ֆինանսական ներառականությունն է (ֆինանսական ծառայությունների հասանելիությունը)։

2014 թվականից ի վեր Հնդկաստանում «Jan Dhan» ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 540 միլիոն բանկային հաշիվ։ Դրանց մեծ մասը կապված է բջջային հեռախոսահամարների և «Aadhaar» կենսաչափական նույնականացման ազգային համակարգի հետ։ Սա պետությանը թույլ է տվել նպաստները, թոշակներն ու սոցիալական վճարները քաղաքացիներին փոխանցել ուղղակիորեն՝ առանց միջնորդների։

Սրան զուգահեռ մեկնարկել է «Ayushman Bharat» բժշկական ապահովագրության ծրագիրը, որն ամենախոշոր պետական ապահովագրական համակարգն է աշխարհում։ Այսօր այն ֆինանսական պաշտպանվածություն է ապահովում տասնյակ միլիոնավոր անապահով ընտանիքների համար, իսկ բժշկական ապահովագրության ընդհանուր ընդգրկվածությունը երկրում հասել է 60,2%-ի։

Հնդկաստանի միլիոնավոր քաղաքացիների համար սա թանկարժեք բժշկական օգնություն ստանալու հնարավորություն է (ներառյալ քաղցկեղի դեմ պայքարը)՝ առանց սեփական գրպանից աստղաբաշխական գումարներ ծախսելու։

Ինտերնետը՝ որպես առողջության գործոն

Հետազոտության հեղինակները սոցիալական ցուցանիշների բարելավումը կապում են նաև թվային տեխնոլոգիաների արագ տարածման հետ։

Վերջին մի քանի տարում ինտերնետից օգտվող կանանց մասնաբաժինը երկրում գրեթե կրկնապատկվել է՝ 33,3%-ից հասնելով 64,3%-ի։

Թվային հարթակների միջոցով պետությունը վերահսկում է երեխաների պատվաստումները, հղիների առողջական վիճակն ու բժշկական հաստատությունների աշխատանքը։ Թվային սպասարկման կենտրոնների ցանցի շնորհիվ գյուղական վայրերում բազմաթիվ ծառայություններ են հասանելի դարձել։

Հնդկական կողմի տվյալներով՝ այսօր աշխարհում իրականացվող բոլոր ակնթարթային թվային վճարումների ավելի քան կեսը բաժին է ընկնում հենց Հնդկաստանին։

Նոր խնդիր. ոչ թե թերսնում, այլ գիրություն

Չնայած գրանցված հաջողություններին՝ իշխանություններն ընդունում են, որ առողջապահական համակարգը կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Եթե նախկինում հիմնական խնդիրները վարակիչ հիվանդություններն ու թերսնուցումն էին, ապա այժմ ավելի ու ավելի մեծ սպառնալիք են դառնում շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդություններն ու ճարպակալումը։ Հետազոտության տվյալներով՝ ավելորդ քաշ ունի կանանց մոտ 31%-ը և տղամարդկանց 27%-ը։

Ի պատասխան սրա՝ կառավարությունը զարգացնում է կանխարգելիչ ծրագրեր, մասսայականացնում է սպորտը, առողջ սնունդն ու յոգան։ Նպատակներից մեկն էլ երկիրը 2036 թվականի Օլիմպիական խաղերի անցկացմանը նախապատրաստելն է, ինչը պետք է խթանի սպորտային ենթակառուցվածքների հետագա զարգացումը։

Առողջությունը սկսվում է հիվանդանոցի պատերից դուրս

Հետազոտության արդյունքներից բխող գլխավոր եզրակացությունն այն է, որ բնակչության առողջական վիճակի բարելավումը հնարավոր չէ ապահովել միայն բժշկական համակարգի զարգացման հաշվին։

Հնդկաստանի փորձը ցույց է տալիս, որ մարդկանց առողջության վրա ոչ պակաս ազդեցություն ունեն մաքուր ջրի առկայությունը, սանիտարահիգիենիկ պայմանները, աղջիկների կրթությունը, կանանց ֆինանսական անկախությունը, ինչպես նաև ինտերնետի ու թվային ծառայությունների հասանելիությունը։ Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին Հնդկաստանը խաղադրույք է կատարել ոչ միայն հիվանդանոցների կառուցման, այլև այնպիսի սոցիալական խնդիրների լուծման վրա, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են առողջապահության տեսադաշտից դուրս։ NFHS-6-ի արդյունքները փաստում են, որ նման մոտեցումն ունակ է իրավիճակ փոխել ավելի քան 1,4 միլիարդ բնակչություն ունեցող երկրի մասշտաբով։

Դեսպանը նաև նշել է, որ Հնդկաստանի փորձը կարող է հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի համար, մասնավորապես՝ պետական ծառայությունների թվայնացման և առողջապահական ցուցանիշների մոնիթորինգի համար էլեկտրոնային համակարգերի կիրառման հարցերում։ Հնդկական կողմի կարծիքով՝ տվյալների պարբերական հավաքագրումն ու վերլուծությունը թույլ են տալիս ավելի արագ վերհանել խնդիրներն ու ճշգրտել պետական քաղաքականությունը։