Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 2011-ի, որոնցից 754 մարդ մահացել է։ Այս մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալները։ Իշխանությունները ներկայիս համաճարակն անվանում են պատմության մեջ Էբոլայի ամենաարագ տարածվող բռնկումը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 753 պացիենտ գտնվում է մեկուսարաններում կամ բուժում է ստանում հիվանդանոցներում, իսկ 366 մարդ արդեն ապաքինվել է։

Մասնագետները նախկինի պես լուրջ դժվարությունների են բախվում վարակակիրների շփումների հետագծման հարցում. հնարավոր վարակման ենթարկված մարդկանց միայն 67%-ն է գտնվում հսկողության տակ։

Մայիսի 15-ից սկսված համաճարակը, որը հարուցվել է Էբոլա վիրուսի հազվադեպ հանդիպող «Բունդիբուգիո» շտամով, դեռևս անկասելի է։ Անցած երկու ամիսների ընթացքում հակահամաճարակային միջոցառումների ընդլայնումն այդպես էլ արդյունք չի տվել․ վարակի տարածման տեմպերը շարունակում են գերազանցել առողջապահական համակարգի զսպման հնարավորությունները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ նոր հաստատված դեպքերի մոտ 80%-ը կապված է վարակի փոխանցման անհայտ շղթաների հետ, ինչն էապես բարդացնում է վիրուսի տարածման դեմ պայքարը։