Գիտնականների պնդմամբ, գիրությունը բոլորովին էլ թույլ առողջություն չի նշանակում: Մինչ, ավանդական ընկալմամբ, ճարպակալումը ինքնին բժշկական խնդիր է հանդիսանում, վերջերս իրականացված երկու հետազոտություններով վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ կարելի է միաժամանակ եւ գեր, եւ կատարյալ առողջ լինել, հաղորդում է NewsMax Health-ը:
Գիտահետազոտական խմբի անդամները, ճարպակալման չափման լայն տարածում գտած գործիքի՝ մարմնի զանգվածի ինդեքսի (կշռի եւ հասակի հարաբերակցութունը) փոխարեն, մարդու առողջական վիճակը մի շարք ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական գործոններով չափող Edmonton Obesity Staging System (EOSS) համակարգի օգնությանն են դիմել:
Արդյունքում պարզվել է, որ մարդու բարեկազմությունը, իրանի շրջագիծը, քրոնիկ հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախահակումը եւ մի շարք այլ գործոններ կշռից առավել արդյունավետ են՝ ապագա առողջության եւ մահվան ռիսկի գնահատման հարցում:
«EOSS համակարգի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ բազմաթիվ մարդկանց մոտ գիրությունը բացարձակ առողջությամբ կարող է զուգորդվել», - նշել է Տորոնտոյում գործող Յորքի համալսարանի կինեզիոլոգիայի եւ բժշկական գիտությունների դպրոցի դոցենտ, Applied Physiology, Nutrition and Metabolism ամսագրում նկարագրություն գտած հետազոտության ավագ հեղինակ Ջենիֆեր Կուկը:
Նրա գլխավորությամբ գործող գիտնականները 16 տարի շարունակ 6 հազար գեր ամերիկացիների առողջական վիճակն են ուսումնասիրել եւ վաղաժամ մահանալու ռիսկի՝ նիհար մարդկանց նկատմամբ տարբերությունը վերլուծել:
«Ճիշտ է՝ հավելյալ ճարպերը առավել հաճախ բացասական ազդեցություն կարող են թողնել՝ մարդու առողջության վրա, սակայն ասվածը ոչ բոլոր դեպքերի համար է ճշմարիտ: Միայն մարմնի կշռով չի կարելի դատողություն անել՝ մարդու առողջության մասին, քանի որ որոշ գեր մարդկանց մոտ նվազագույն առողջական խնդիր անգամ չեք կարող գտնել», - նշել է պրոֆեսոր Կուկը:
Երկրորդ՝ Canadian Medical Association Journal ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները նույնանման եզրակացությունների են հանգել:
Այդուհանդերձ, գիտնականները գտնում են, որ թեեւ հավելյալ քաշի տեր, բայց եւ առողջ մարդիկ իրենց գիրությամբ մտահոգվելու կարիք չունեն, բայց եւ պետք է միջոցներ ձեռնարկեն՝ քաշի հետագա ավելացումից խուսափելու եւ առողջ կենսակերպը պահպանելու համար: Հարկավոր է նաեւ քաշի կտրուկ կորստով, այնուհետեւ էլ՝ վերականգնմամբ բնորոշվող դիետաներից խուսափել, որոնք երակարաժամկետ հատվածում կարող է հավելյալ գերքաշության, ինչպես նաեւ քաղցկեղից եւ սրտանոթային հիվանդությունից մահացության ռիսկի ավելացման հանգեցնել:
Այնպես որ, եթե առողջ եք, լավագույն տարբերակն այն է, որ քաշի կտրուկ փոփոխություններից խուսափեք:






