Ասպիրինի, պարացետամոլի եւ իբուպրոֆենի նման ջերմիջեցնող դեղամիջոցներն օգնում են իջեցնել ջերմությունը, բայց նպաստում են նաեւ մանրէների տարածմանը, պնդում են գիտնականները: Արդյունքում ավելի շատ մարդ է վարակվում: Օնտարիոյի Մակմաստեր համալսարանի հետազոտողներն առաջին անգամ հավաքել են գրիպին վերաբերող բոլոր հետազոտությունները, գրում է Daily Mail-ը:
Կանադացի գիտնականները հաշվարկել են, որ գրիպի ախտանշանների թեթեւացման համար ընդունվող դեղամիջոցները մեղավոր են նվազագույնը 20 հիվանդացության դեպքերից մեկում եւ շատ մահվան դեպքերում:
Նրանց կարծիքով, ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունելու փոխարեն ՝ գրիպով հիվանդ մարդիկ պետք է տանը մնան եւ հանգիստ պառկեն:
Նրանք հաշվարկել են, որ Հյուսիսային Ամերիկայում ձմռանը՝ գրիպի դասական բռնկման ժամանակ, ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունումը 5%-ով բարձրացնում է հիվանդացածների եւ մահացածների թիվը:
«Ոչ ոք չի սիրում իրեն թույլ եւ կոտրատված զգալ, բայց պարզվում է, մեր հարմարավետ վիճակը ուրիշի վարակման հաշվին կարող է լինել»,- ասաց առաջատար հետազոտող Դեվիդ Էրնը:
«Մարդիկ հաճախ ընդունում են կամ իրենց երեխաներին տալիս են ջերմիջեցնող դեղամիջոցներ, որպեսզի նրանք կարողանան դպրոց գնալ:Մի շտապեք աշխատանքի գնալ կամ երեխային դպրոց ուղարկել միայն այն պատճառով, որ դուք կամ ձեր երեխան ջերմություն չունեք»,- նշել է նա:
Բանն այն է, որ ջերմության բարձրացումը օրգանիզմի կողմից վարակի դեմ պայքարի միջոցներից մեկն է: Այդ պատճառով, փորձելով իջեցնել ջերմությունը, մարդիկ ակամա ճնշում են բնական պաշտպանական մեխանիզմները: Արդյունքում վիրուսն ավելի ակտիվ է բազմանում եւ կուտակվում օրգանիզմում: Եւ նույնիսկ երբ ջերմությունն ընկնում է, եւ մարդկանց թվում է, որ իրենք լավացել են եւ կարող են աշխատանքի կամ դպրոց գնալ՝ պահպանվում է ուրիշների վարակելու ռիսկը:






