Քիմիոթերապիայի մասին միտքը կարող է վախեցնող լինել: Բայց ինչքան շատ դուք գիտեք քիմիոթերապիայի մասին, այդքան ավելի քիչ եք վախենում նրանից: Շատ աղբյուրներ կան, որոնք օգնում են անցնել դրա միջով եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:
Եթե դուք կամ ձեր ծանոթներից մեկը պատրաստվում եք քիմիոթերապիա անցնել, ահա Քլիվլենդի կլինիկայի կողմից մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել այդ խնդիրը:
Առաջին խորհուրդներից մեկը հիվանդների համար՝ մոտ մարդկանցից՝ ընտանիքի անդամներից կամ ընկերներից ձեզ աջակցողների թիմ կազմեք, ովքեր ի վիճակի են ձեզ օգնել եւ աջակցել բուժման ժամանակ: Հնարավոր է, նրանցից մեկը կնստի ձեր կողքը քիմիոթերապիայի ժամանակ կամ կանի ընթացիկ տնային աշխատանքները, որպեսզի դուք հանգիստ լինեք: Դուք նաեւ վարորդի կարիք կունենաք, որ քիմիոթերապիայից հետո ձեզ տուն տանի, քանի որ որոշ դեղամիջոցներ ձեզ քնկոտ կդարձնեն, եւ դուք ձեզ բավարար լավ չեք զգա՝ ինքնուրույն տեղաշարժվելու համար: Ուռուցքաբանի հետ ստուգեք ձեր դեղամիջոցները: Համոզվեք, որ ձեր ուռուցքաբանը ամեն ինչ գիտի ձեր քիմիոթեպեւտիկ միջոցների մասին, նույնիսկ՝ վիտամինների եւ սննդային հավելումների մասին: Հնարավոր է, կարիք լինի փոխել չափաբաժինը այլ քիմիոթերապեւտիկ միջոցների հետ փոխազդեցության պատճառով:
Շատ հեղուկ խմեք քիմիոթերապիայի նախորդ եւ հաջորդ օրը: Խմեք ութը բաժակ ջուր կամ ցանկացած այլ ոչ ալկոհոլային ըմպելիք առանց կոֆեինի, որը ձեզ դուր է գալիս:
Ձեր հետ վերցրեք իրեր, որոնք ձեզ պետք կգան հիվանդասենյակում չձանձրանալու համար՝ գրքեր, էլեկտրոնային սարքավորումներ, CD եւ DVD- նվագարկիչ, եւ այն ամենը, ինչով դուք սիրում եք զբաղվել: Մենք նաեւ խորհուրդ ենք տալիս ձեր հետ վերցնել շուրթերի համար բալզամ եւ մաշկը խոնավեցնող քսուք, քանի որ օդը բուժհաստատություններում շատ չոր է:
Հարմար հագուստ կրեք, հեշտ բացվող թեւքերով, որպեսզի հեշտ լինի հասնել ձեր երակներին:
Հարցեր տվեք: Շատ նորմալ է, երբ դուք անհանգստանում եք այն մասին, թե ինչի միջով եք անցնելու: Անձնակազմը ամեն ինչ կանի ձեր հոգսերը թեթեւացնելու համար, այնպես որ մի ամաչեք նրանց հարցեր տալուց: Եթե ձեզ մոտ կասկածներ կան ձեր կաթիլայինի հաշվով, կամ թե ինչքան է հնարավոր շարժվել բուժման ընթացքում կամ զուգարան գնալու համար ընդմիջումների հաշվով, բուժքույրերը եւ անձնակազմը ձեզ կօգնեն:
Խուսափեք վարակի ռիսկից: Քիմիոթերապիայից հետո ձեր իմունային համակարգը թուլացած է, այդ պատճառով հնարավորինս խուսափեք մարդկանց կուտակումներից, հաճախ լվացեք ձեռքերը եւ մաքրեք մանրէազերծող միջոցներով, ձեռք մի տվեք տարբեր առարկաների մակերեսները եւ ձեռքերը հեռու պահեք դեմքից:
Լավ սնվեք եւ պահպանեք մարմնի քաշը: Քիմիոթերապիան դիետայի հետեւելու ժամանակը չէ: Ձեր նպատակը պետք է լինի ոչ թե քաշ գցել, այլ ավելացնել ձեր մարմնի զանգվածի 10%-ի չափով: Դիետոլոգը կօգնի ձեզ լավ սնվելու հարցում, եթե դուք հատուկ դիետիկ պահանջներ ունեք:






