Օդի ջերմաստիճանը, արեւը, քամին, տեղումները չեն ազդում լավ տրամադրության վրա, բայց վատն ավելի են վատացնում: Այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով ավելի քան 1000 հասուն մարդու տրամադրության տատանումները:

«Մենք գիտենք, որ եղանակն ազդում է մարդկանց տրամադրության վրա,- FoxNews.com-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքի Մենթեֆիորեյի բժշկական կենտրոնի հոգեբան Սիմոն Ռեգոն:- Այլ հարց է, թե այդ եղանակը կամ եղանակի հետեւանքներն ինչպես են փոխազդում այն շրջակա միջավայրի հետ, որում մենք ապրում ենք՝ մեզնից մեկին մի քիչ խենթ դարձնելով, իսկ մյուսներին թողնելով նույնչափ հավասարակշռված»:

Հոգեբաններն ասում են, որ ձմեռային ցուրտ ու կարճ օրերին մելամաղձություն զգալը նորմալ է, բայց եթե այդ տխրությունը չի անցնում, պետք է բժշկի դիմել, որովհետեւ հնարավոր է՝ Դուք սեզոնային աֆեկտիվ խանգարում (ՍԱԽ) ունեք:

«Մենք ուզում ենք տեսնել ՍԱԽ-ի եւ սովորական ձմեռային մելամաղձության տարբերությունը»,- FoxNews.com-ին ասել է բժիշկ Ռոբին Քերները Մաունթ Սինայի բժշկական կենտրոնից:

Եթե դա ընդամենը «ձմեռային մելամաղձություն» է, հոգեբանները խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ, եթե դրսում արեւ է: Եթե եղանակը մռայլ է, մարզանք արեք, խորհուրդ է տալիս Քերները: