• Latest news

Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ

27 հուլիսի, 2016  19:50

Կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը կրծքի իմպլանտների տեղադրումից հետո իրականում 10 անգամ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ առաջատար պլաստիկ վիրաբույժներից մեկը՝ Մարկ Քլեմենսը:

Այսօր ամբողջ աշխարհում աճում է կրծքի քաղցկեղի բավական յուրահատուկ տարատեսակով հիվանդացությունը, որը կապված է կրծքի իմպլանտների հետ եւ կոչվում է անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա կամ BIA-ALCL: Եվ չնայած հիվանդների թիվը համեմատաբար փոքր է, մասնագետները այս հիվանդության վտանգավորության աստիճանը չեն թերագնահատում, պնդում է պրոֆեսոր Քլեմենսը:

Նա կրծքի քաղցկեղի այս տարատեսակով հիվանդների թվին հետեւում է 2011 թվականին գրանցված ամենաառաջին դեպքից հետո: Մասնագետի կարծիքով՝ կանանց համար այս հիվադությանը բախվելու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է կրծքի իմպլանտներ տեղադրելուց հետո: Ներկայումս BIA-ALCL է ախտորոշվել աշխարհի տարբեր երկրներից 173 հիվանդի մոտ:

Որոշ մասնագետներ համաձայն են Քլեմենսի հետ եւ պնդում են, որ տվյալ վիճակագրությունը իրականում միայն «այսբերգի գագաթն» է, այս հիվանդությամբ ախտահարվածների թիվն իրականում ավելի շատ է:

Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը զարգանում է  առավել տարածված իմպլանտների պատճառով, որոնք օգտագործվում են կուրծքը մեծացնելու համար: Ըստ որում՝ կանանց մեծ մասը, որոնք մտնում են ռիսկի խմբի մեջ,  այդ մասին նույնիսկ չեն կասկածում: Հետազոտությունները, որոնք անցկացվել են Ֆրանսիական բժշկական կարգավորող գերատեսչության՝ Agence Nationale de Sécurité du Médicament et des Produits de Santé-ի (ANSM) փորձագետների կողմից, ցույց են տվել, որ միանշանակ կապ կա իմպլանտների եւ BIA-ALCL-ի զարգացման միջեւ:

Տեսականորեն բոլոր կանանց, որոնք կրծքի մեծացում են կատարում, բժիշկները դեռ 2011 թվականից պետք է զգուշացնեին BIA-ALCL-ի զարգացման վտանգի մասին: Այդպիսի որոշում է ընդունվել ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժիշկներից պահանջում է շտապ հաղորդել այս հիվանդության ցանկացած դեպքի մասին: Ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հիվանդներ այդպիսի նախազգուշացում ժամանակին չեն ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել