• Latest news

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց

11 հուլիսի, 2014  12:04

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ կրող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի, հիշեցնում է Medical Daily-ն: Ներկայումս տարբեր գիտահետազոտական խմբեր կենսակերպի՝ իմունային համակարգի վրա ազդեցության ուղիները բացահայտելու փորձեր են անում, սակայն բոլոր փոխկապակցվածությունները պարզելու  համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Այդուհանդերձ, արդեն որոշակիորեն հասկանալի է, որ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, տարիքին, հոգեբանական սթրեսին եւ վարքագծային կանոններին առնչվող այլ գործոնների համադրությունները կարող են այս կամ այն ազդեցությունը ունենալ հիվանդությունների դեմ պայքարի կարողության վրա:

Այսինքն՝ իմունային համակարգի աշխատանքի խթանման համար թանկ դեղամիջոցներ բոլորովին էլ հարկավոր չեն. կենցաղային պայմաններում ձեռնարկված միջոցառումները բավարար կլինեն՝ առավել արդյունավետությամբ աշխատող դիմադրողական համակարգ վայելելու համար.

1. Պաս

Առողջ միջին եւ բարձր տարիքի մարդիկ եւ նույնիսկ՝ քիմիաթերապիա անցնող հիվանդները տարվա ընթացքում պարբերաբար մի քանի օր սնունդից հրաժարվելով՝ կարող են նշանակալի խթան հաղորդել իրենց իմունային համակարգին: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ պասի ընթացքում թեկուզեւ արյան սպիտակ գնդիկների նվազեցում է նկատվում, նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո դրանց քանակը նշանակալիորեն գերազանցում է նախորդ՝ սննդային ընդմիջումից առաջ գրանցված մակարդակը:  

2. Երաժշտություն

Երաժշտությունը ոչ միայն իմունային համակարգի աշխատանքը խթանելու, այլ նաեւ՝ ցավի զգացողությունը եւ վիրահատական միջամտությունից առաջ՝ սթրեսը նվազեցնելու կարողություն ունի: Երաժշտության սիրահարների մոտ մանրէների, վարակված եւ նույնիսկ՝ քաղցկեղային բջիջների վրա հարձակում նախաձեռնող բջիջների նշանակալիորեն բարձր քանակ է նկատվում:

3. Սեքս

Շաբաթական երկու անգամ սեռական հարաբերություններին տրվելով՝ օրգանիզմում վարակների եւ մանրէների դեմ պայքարող հակամարմնի՝A իմունագլոբուլինի արտադրությունը 30 տոկոսով ավելացնելու հնարավորություն կստանաք:

4. Astragalus

Այս խոտաբույսը չինական ավանդական խոհանոցի բաղադրիչներից մեկն է եւ իմունային համակարգի աշխատանքը խթանելու կարողությամբ է հայտնի: Ցանկության դեպքում կարող եք նաեւ սննդային հավելումների տեսքով ձեռք բերել:

5. Զբոսանք անտառում

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անտառային տեսարանները, քաղաքային համայնապատկերի համեմատությամբ, 20 րոպեի ընթացքում մարդու օրգանիզմում առկա՝ իմունային համակարգի աշխատանքն արգելակող հորմոններից մեկի՝ կորտիզոլի մակարդակը 13,4 տոկոսով ցածր մակարդակի հասցնելու կարողություն ունեն:

6. Կոկոսի յուղով սուրճ

Կոկոսի յուղը օրգանիզմում շաքարի կարիքը նվազեցնելու, ճարպակալումը կանխարգելելու, նյութափոխանակությունը արագացնելու եւ արդյունքում՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու հատկություն ունի:

7. Սաունա

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու անգամ սաունա հաճախող մարդիկ, նման սովորույթ ընդհանրապես չունեցողների հետ համեմատությամբ, երկու անգամ շատ են հարբուխ տանում: 

8. Կանաչ թեյ

Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները ոչ միայն օրգանիզմը մաքրելու, արյան ճնշումը կարգավորելու եւ սրտի առողջությունը պահպանելու, այլ նաեւ՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու հրաշալի միջոց են համարվում:

9. Համբույր

Համբուրվելիս, հատկապես հղի կանանց պարագայում, օրգանիզմը իմունային համակարգի համար անհրաժեշտ միկրոօրգանիզմներ է ստանում:

10. Գինի եւ հապալաս

Գինու եւ հապալասի բաղադրիչներից երկուսը՝ ռեսվերատրոլը եւ սնկային հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայող պտերոստիլբենը, D վիտամինի հետ միասին, կարող են ոչ միայն իմունային համակարգի աշխատանքի խթանմանը հանգեցնել, այլ նաեւ թույլ չտալ, որ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերեք:

11. Շփվեք

Գիտնականները հաստատել են, որ քրոնիկ հիվանդությունների եւ միայնության միջեւ որոշակի կապ է գործում: Ըստ այդմ, նշվում է, որ մեկուսացումը կարող է սթրեսի ավելացման եւ իմունային համակարգի թուլացման հանգեցնել: Մեծ շրջապատ ունեցող մարդիկ, մեկուսացվածների համեմատությամբ, սրտային հիվանդություններից խուսափելու 50 տոկոսով բարձր հավանականություն են վայելում:

12. Կաթնաթթվային մթերքներ

Թթված կաթից պատրաստված կեֆիրի մեջ առկա պրոբիոտիկները, սովորական յոգուրտի բաղադրիչների հետ համեմատությամբ, իմունային համակարգը 5 անգամից ավել խթանելու կարողություն ունեն: Բացի այդ, պրոբիոտիկների բաղադրության մեջ մտնող յոդի շնորհիվ վահանաձեւ գեղձը իմունային համակարգի աշխատանքը կարգավորելու հավելյալ հնարավորություն է ձեռք բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել