• Latest news

Սրտի անվճար վիրահատության շահառուների ցանկն ընդլայնվում է. ԱՆ-ի պարզաբանումը NEWS.am Medicine-ին

13 օգոստոսի, 2014  21:24

2015թ. հունվարից Հայաստանի հանրապետությունում սրտի անվճար վիրահատության շահառուների ցանկն ընդլայնվելու է, ասվում է NEWS.am Medicineհրապարակումներից մեկի առթիվ Առողջապահության նախարարության պարզաբանման մեջ։

Համաձայն հաղորդագրության, այդ ցուցակը կընդգրկի  սոցիալապես անապահովության 30,0 եւ ավելի միավոր ունեցողներին, որի արդյունքում 270 հազար շահառու եւս կստանա սրտի անվճար վիրահատության արտոնություն։ Այդ նպատակով ՀՀ  կառավարությունը 2015թ. համար նախատեսել է 500,0 մլն. դրամ: Ծրագիրը կշարունակվի նաեւ 2016-2017 թվականներին, եւ հնարավոր է, որ նշված գումարը հետզհետե ավելանա։

«Ոչ վաղ անցյալում սրտի ինվազիվ վիրահատությունները նորագույն եւ դժվարամատչելի բժշկական ծառայությունների շարքում էին եւ բնակչության որեւէ խմբի համար պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում  անվճար եւ արտոնյալ պայմաններով սրտի ինվազիվ վիրահատություններ տրամադրվում են մինչեւ 7 տարեկան երեխաներին,   բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված 36,0 եւ ավելի միավոր ունեցող անձանց, անվճար բուժօգնության իրավունք ունեցող  սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող  զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին,  ինչպես նաեւ քաղծառայողներին եւ ուսուցիչներին: Ընդհանուր առմամբ անվճար եւ արտոնյալ պայմաններով սրտի ինվազիվ վիրահատության իրավունք ունի ավելի քան 600 հազար մարդ։

Հաշվի առնելով, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է եւ, որ մեր երկրում սրտանոթային հիվանդությունները լայն տարածում ունեն (մահացության ընդհանուր կառուցվածքում դրանք 48 տոկոս են կազմում), նախարարությունը լայնածավալ եւ բազմակողմանի աշխատանքներ է իրականացնում։ Սուր ինֆարկտների ժամանակ մարդկանց կյանքը փրկելուն միտված այս ծրագրի ընդլայնման նպատակով աշխատանքներ են տարվել նոր տեխնոլոգիաներ կիրառելու,  գներն իջեցնելու, չափորոշիչները հստակեցնելու ուղղությամբ։  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող բոլոր կլինիկաների ներկայացուցիչները` Ինտենսիվ սրտաբանության ասոցիացիայի հետ գնահատել են իրավիճակը եւ հանդես եկել կոնկրետ առաջարկներով:

Միաժամանակ, դեռ մեկ ամիս առաջ ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող Երեւանի 7 կլինիկայի, ինչպես նաեւ Գորիսի սրտաբանական կենտրոնի եւ Գյումրիի ԲԿ-ի ղեկավարների ու սրտաբանների հետ նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՌԴ բժշկական գիտությունների  ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը ներկայացրել է Եվրոպայում եւ ՌԴ-ում ինվազիվ սրտաբանության փորձն ու արձանագրվող արդյունքները: Եվրոպայում 2013թ. սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 հազար քաղաքացիների 95 տոկոսի կյանքը հաջողվել է փրկել։

Մասնագետների հետ քննարկվել են, թե ինչպիսի պայմաններ եւ հարակից մասնագիտական ինչ վերապատրաստումներ են անհրաժեշտ  ծառայությունն ընդլայնելու եւ բարելավելու նպատակով։ Կարեւորվել են  ինվազիվ ծառայության 24-ժամյա աշխատանքի ապահովումը,  առողջության առաջնային օղակի եւ շտապօգնության ծառայության բոլոր մասնագետների պատրաստվածությունը` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու եւ հիվանդին ամենակարճ ժամանակում  տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող մոտակա կլինիկան տեղափոխելու համար եւ այլ հարցեր։

Այս պահին մշակվում են չափորոշիչներ, որոնք կհստակեցնեն, թե  որ իրավիճակներում է անհրաժեշտ կատարել կյանքը փրկող սրտի անհետաձգելի վիրահատություն եւ որ դեպքերում` կոնսերվատիվ բուժում կազմակերպել։

Միաժամանակ նախարարության գործունեության առանցքում բնակչությանն առողջ պահելու գաղափարն է։ Գերիշխող է դառնում բնակչությանն առողջ պահելը եւ ոչ թե բուժելը։ Այս խնդիրը դրվում է հատկապես պոլիկլինիկական ծառայության առջեւ։  Նոր չափորոշիչներով առաջնահերթ են դառնում կանխարգելիչ այցերը։ Չափորոշիչներ են մշակվում, որպեսզի հստակեցվի, թե առողջական նման խնդիրները կանխելու կամ վաղ հայտնաբերելու նպատակով  տարին մեկ անգամ առողջության առաջնային պահպանման օղակում ինչ հետազոտություններ կազմակերպվեն։ Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների առջեւ նաեւ խնդիր է դրվել ոչ միայն իրենց մոտ հավաքագրված բնակչությանը ցուցաբերել սիրալիր եւ հոգատար վերաբերմուք, այլեւ հետեւողականորեն նրանց իրազեկել ռիսկային առավել տարածված 5 գործոնի մասին, որոնցով պայմանավորված է մեր երկրում արձանագրվող մահերի 90 տոկոսը։ Դրանք են` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքը, ավելցուկային քաշը եւ ճարպակալումը, ինչպես նաեւ անառողջ սնունդը։ Այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել ոչ միայն սրտանոթային, այլեւ բազմաթիվ այլ հիվանդություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել