• Latest news

Որքա՞ն է մեր հայրենակիցների վրա հիվանդանոցը «նստում», եւ ինչո՞ւ են մեր բժիշկները առեւտրականների վերածվել

2 օգոստոսի, 2014  22:36

Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը հազիվ է աշխատավարձից աշխատավարձ ծայրը ծայրին հասցնում եւ, միայն կոմունալ ծառայությունների դիմաց հերթական վճարումը կատարելուց հետո, կարող է մի փոքր թեթեւացած շունչ քաշել, ու եթե հանկարծ, Աստված չանի, ընտանիքի անդամներից մեկը հիվանդանում է, բացի հոգեկան ապրումներից, ընտանեկան բյուջեն էլ կարող է իսկական աղետի ենթարկվել:

Վերջերս ծանոթներիցս մեկի մայրը ինֆարկտ էր տարել. կինն անհապաղ ստենտավորման պետք է ենթարկվեր, որդին էլ՝ շուրջ 2 մլն դրամ գտներ՝ բժշկական ծախսերը հոգալու համար: Այն մասին, որ ստենտավորումը մեր երկրում ոչ պետպատվերի եւ ոչ էլ ապահովագրության շրջանակում իրականացման ենթակա չէ՝ բազմիցս ենք խոսել: Նույնքան հաճախ է բարձրաձայնվում նաեւ այն հարցը, որ նմանատիպ վիրահատությունների արժեքը, մեր հայրենակիցների գրպանի պարունակության համեմատությամբ, նշանակալիորեն բարձր է: Սակայն այսօր կցանկանայինք ոչ թե գումարի չափի, այլ դրա՝ այսպես կոչված հիվանդատիրոջ (այսքան ամփոփիչ բառ այլ լեզուներում դժվար թե գտնեք) գրպանից կորզման միջոցների ու եղանակների մասին խոսել:

Եվ այսպես՝ գործողություն առաջին՝ հիվանդանոց ենք ընկնում: Տրամադրվելիք ծառայությունների դիմաց հաշիվը քիչ է մնում՝ հենց շքամուտքի մոտ ներկայացնեն. վճարեք, որ բժշկական օգնություն տրամադրենք: Հասկանալի է, որ ընտանիքի անդամին հիվանդանոց տեղափոխելիս ավտոմատ տանը հավաքված ողջ գումարը հետներդ եք վերցնում: Սակայն, միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ այն, որ վերը հիշատակված չափով գումարներ տանը, որպես կանոն, չեն կարող լինել: Այնպես որ, անհրաժեշտ գումարը գտնելու համար, հիվանդատիրոջը որոշ ժամանակ է պետք, այնքան ժամանակ, որի տասնորդական մասի ընթացքում անգամ հիվանդը կարող է, ասենք՝ ինֆարկտից մահանալ:

Ծանոթս, ում մայրը ինֆարկտ էր տարել, պատմում էր, թե բժիշկներն առաջին իսկ պահից 140 հազար դրամ են պահանջել՝ զոնդավորման, եւ քիչ անց էլ՝ 125 հազար դրամ՝ հիվանդասենյակի համար. ձեռքի հետ էլ զգուշացրել էին, որ վճարման վերջնաժամկետը հաջորդող օրվա առավոտն է, այլապես չեն կարող հիվանդին ընդունել եւ անհրաժեշտ պրոցեդուրաներն իրականացնել: Եւ մինչ ծանոթս այս ու այն կողմ ընկած՝ գումարի առաջին մասն էր ճարում՝ պատահաբար պարզել էր, որ առաջին երեք օրերի համար հիվանդասենյակի օրական արժեքը ընդամենը 7 հազար դրամ է կազմում, եւ առաջին իսկ օրը պահանջված 125 հազար դրամը հետագա ժամանակահատվածի համար է անհրաժեշտ, երբ պարզվի, որ երեք օրից ավել են հիվանդասենյակը զբաղեցնելու: Իսկ անհրաժեշտ գումարի երկրորդ մասը ճարելիս էլ բացահայտվել էր, որ ամենաուշը հաջորդ օրն իսկ՝ առավոտյան վճարելու պահանջն օրինական չէ, քանի որ բուժծառայությունների դիմաց վճարումը կարելի է մինչեւ հիվանդի դուրսգրումը՝ ցանկացած պահի իրականացնել: Դեպքն, ի միջի այլոց, Համալսարանական կլինիկական առաջին հիվանդանոցում է պատահել:

Այս ամբողջի մեջ ամենատհաճ հանգամանքն այն է, որ հաշիվը ոչ թե հաստատության վարչակազմի, այլ՝ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներն են տրամադրում, ոչ՝ գանձապահը կամ մենեջերներից որեւէ մեկը, այլ՝ անձամբ բժիշկը, ով ենթադրաբար, հաշվապահության հետ ոչ մի առնչություն չպետք է ունենար:

Գործողություն երկրորդ՝ պարտքերի մեջ ենք խրվել՝ վճարելով ողջ պահանջված գումարը եւ քիչ թե շատ պատշաճ սպասարկում ենք ակնկալում: Բայց բանից պարզվում է՝ ինչ-որ պահի, մասնավորապես՝ ներարկում կատարելիս, բուժքույրը ձեռքի տակ բամբակ կարող է չունենալ՝ ախտահարման համար եւ սեղանից վերցված՝ անհայտ ծագմամբ անձեռոցիկ օգտագործել: Ստենտավորման ենթարկված հիվանդին սովորաբար համակարգչային սկավառակ են տրամադրում, որտեղ ստենտի տեղակայման հատվածն է պատկերված: Եւ երբ անհասկանալի արտադրության, համապատասխան ծրարի փոխարեն՝ թղթի կտորի մեջ փաթաթված, սկավառականման ինչ-որ բան են բերում՝ կարող եք այլեւս դուրս գալ ափերից. ակնհայտ է, որ բուժհաստատությունը փորձում է վճարված 2 մլն դրամից անգամ 100 դրամի խնայողություն անել:

Անազնիվ կլիներ համարել, թե բոլոր բժիշկներն են հիվանդատիրոջ հետ առեւտրի մեջ մտնելու չափ անբարեխիղճ: Նույնքան էլ անազնիվ է մտածելը, թե բոլոր բուժքույրերը ծանոթ չեն հիգիենայի տարրական կանոններին: Մնում է միակ եզրահանգումը անել՝ նման երեւույթների առկայությունը Հայաստանի առողջապահական համակարգի էությամբ է պայմանավորվում: Բժիշկները «վերեւից» են նման հրահանգներ ստանում: Նույնը կարելի է բուժհաստատությունների՝ միլիոններ վճարող հիվանդների հաշվին անխիղճ խնայողություններ իրականացնող վարչակազմի մասին ասել: Սակայն այստեղ կարող են նաեւ այլ տարբերակներ լինել. բուժհաստատությունների պետական ֆինանսավորման մակարդակն այնքան ցածր է, որ իրապես կարող են գումարներ չունենալ՝ բամբակ գնելու համար:

Ինչպես ծանոթ բժիշկներիցս մեկն է բացատրել, եթե հիվանդը ինչ-ինչ պատճառներով բուժծառայության դիմաց չի վճարում, պարտքը բժշկին է հաշվանցվում: Սա բացատրում է այն հանգամանքը, թե ինչու են բժիշկները, նախքան մասնագիտական պարտականություններին անցնելը, առեւտրի մեջ մտնում հիվանդատիրոջ հետ: Հատկապես թանկարժեք վիրահատության պարագայում հիվանդատիրոջ վճարունակության մակարդակը նախապես հստակեցման կարիք ունի՝ անկախ այն հանգամանքից, թե որքան հրատապություն է վիճակը պահանջում: Ֆինանսական կորստից վերջնականապես ապահովագրվելու համար բժիշկը կարող է նաեւ անհապաղ եւ միանվագ վճարում պահանջել:  Խոսքն այն գումարների մասին է, որոնք հիվանդները պաշտոնապես են վճարում: Իսկ «կողքից» առաջացող ծախսերը բոլորովին այլ պատմության թեմա կարող են համարվել: Դեռ ոչինչ, երբ վիրահատությունը բարդ չէ, եւ կարող եք այլընտրանք փնտրել: Իսկ եթե անհապաղ օգնություն է հարկավոր, եւ ժամանակի կորուստը կարող է մահվան ելքի՞ հանգեցնել:

Ինչպես իրենք՝ բժիշկներն են պնդում, խնդրի լավագույն լուծումը բժշկական ապահովագրության մեջ է: Սակայն մեր համերկրացիները պատրաստ չեն պարտադիր բժշկական ապահովագրության գաղափարին: Պատճառը, ինչպես եւ կենսաթոշակային հիմնադրամներին արվող վճարումների պարագայում, պարզից էլ պարզ է՝ ժողովուրդը հավատի պակաս ունի թե պետության, եւ թե մասնավոր հիմնադրամների նկատմամբ:

Հետգրություն. NEWS.am Medicine-ը պատրաստ է հարցի առնչությամբ Հայաստանի առողջապահության նախարարության կարծիքը լսել:

 

Անահիտ Սարգսյան

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է