• Latest news

Ինչո՞ւ են ավելի շատ երեխաների մոտ առաջանում երիկամների քարեր

12 հուլիսի, 2023  22:59

ԱՄՆ-ում ավելի հաճախ են ախտորոշվում երիկամների քարեր երեխաների եւ պատանիների, հատկապես աղջիկների շրջանում։ Բժիշկները ենթադրում են, որ երիտասարդները ենթարկվում են միզաքարային հիվանդության բարձր ռիսկին սննդաբաժնում ուլտրամշակված մթերքների առկայության, հակաբիոտիկների չարաշահման եւ օդի բարձր ջերմաստիճանի  պատճառով, որը հանգեցնում է ջրազրկման դեպքերի ավելացման։

NBC News-ի հետ զրույցում բժիշկները տեղեկացրել են, որ իրենք ամռանը ավելի մեծ թվով երեխաներ են ընդունում միզաքարային հիվանդությամբ, քան տարվա ցանկացած այլ եղանակի։

Քարերը երիկամներում (նեֆրոլիտիազ) գոյանում են նյութափոխանակության խախտման պատճառով։ Դրանք առաջ են գալիս, երբ հանքանյութերը, ինչպիսին են կալցիումը, օքսալատը եւ ֆոսֆորը, կուտակվում են մեզի մեջ եւ գոյացնում ամուր դեղնավուն բյուրեղներ՝ ավազահատիկի կամ, ծանր դեպքերում, գոլֆի գնդակի չափով։

Որոշ քարեր միզուղիներից դուրս են գալիս  առանց խնդիրների, բայց որոշ քարեր կարող են խցանել մեզի արտահոսքի ուղին՝ առաջ բերելով ուժեղ ցավ եւ արնահոսություն։

Երիկամներում քարերի առաջացումը մեծահասակների մոտ կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին են մետաբոլիկ համախտանիշը, ճարպակալումը, հիպերտոնիան եւ դիաբետը։ Բժիշկ, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի երիկամաբան Թասիանի խոսքով՝ երեխաների մոտ նման հիվանդություններ չեն նկատվում, մնացած հիվանդությունների հարցում նրանք առողջ են, եւ առաջին քարը երիկամներում նրանց մոտ հայտնվում է առայժմ չպարզված պատճառներով։ Նա ավելացրել է, որ հավանաբար տեղի է ունեցել ինչ-որ փոփոխություն շրջակա միջավայրում, որն էլ առաջ է բերել այդ խախտումը։

ԱՄՆ երիկամների ազգային ֆոնդի (NKF) տվյալներով՝ ԱՄՆ բնակիչների մոտ 10 տոկոսը կյանքի ինչ-որ պահի քարեր կունենա երիկամներում։ Քարեր կարող են հայտնաբերվել անգամ 5 տարեկան երեխաների մոտ։

Քանի՞ երեխայի մոտ են առաջանում քարեր երիկամներում

Գնահատականներից մեկը հիմնված է այն հետազոտության վրա, որն իրականացրել է բժիշկ Թասիանը 2016թ., որին մասնակցել են մոտ 153 000 մեծահասակ եւ երեխա Հարավային Կարոլինայում, որոնք ստացել են անհապաղ, ստացիոնար կամ վիրաբուժական օգնություն նեֆրոլիտիազի հետ կապված։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Նեֆրոլոգիայի ամերիկյան ընկերության Կլինիկական ամսագրում (Clinical Journal of the American Society of Nephrology), ցույց է տվել, որ միզաքարային հիվանդությամբ ամենամյա հիվանդացությունը 1997-2012թթ. ավելացել է 16 տոկոսով, ընդ որում՝ ամենամեծ աճը նկատվել է 15-19 տարեկան երեխաների մոտ։ Այդ տարիքային խմբում նեֆրոլիտիազով հիվանդացությունը 52 տոկոսով ավելի բարձր է եղել աղջիկների եւ կանանց մոտ։ Տղամարդկանց մոտ այդ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 25 տարեկանից սկսած։

Ընդհանուր առմամբ,  հետազոտության 16 տարիների ընթացքում միզաքարային հիվանդության հավանականությունը երեխաների՝ թե՛ տղաների, թե՛ աղջիկների մոտ կրկնապատկվել է, մինչդեռ կանանց մոտ հավանակնությունն ավելացել է 45 տոկոսով նրանց կյանքի ընթացքում։ Սեւամորթ մեծահասակների եւ երեխաների մոտ, որոնք մասնկացել են հետազոտությանը, ավելի հաճախ են քարեր առաջացել երիկամներում, քան սպիտակամորթների մոտ։

Նման միտումներ նկատվել են նաեւ այլ հետազոտություններում, այդ թվում եւ Օլմսթեդի օկրուգում (Մինեսոթայի նահանգ) իրականացված հետազոտությունում, որը ցույց է տվել, որ միզաքարային հիվանդությամբ հիվանդացության մակարդակը 12-17 տարեկան երեխաների մոտ տարեկան ավելացել է 6 տոկոսով 1984-2008թթ.։

Ինչպե՞ս է սնվելը կապված երիկամներում քարերի առաջացման հետ

Փորձագետների կարծիքով՝ երեխաների վատ սնվելը կարող է իր դերն ունենալ այս հարցում։ Նատրիումի բարձր պարունակությունը կարտոֆիլի չիպսերում, մսի սենդվիչներում, սպորտային ընպելիքներում եւ փաթեթավորված ուտելիքում կարող է հանգեցնել մեզի մեջ լրացուցիչ հանքանյութերի հայտնվելուն, որոնք կարող են վերածվել քարի երիկամներում։ Սա հատկապես հավանական է, եթե երեխան քիչ է ջուր խմում եւ ավելի շատ քաղցր ըմպելիքներ է օգտագործում, որոնք եգիպտացորենի՝ ֆրուկտոզայով օշարակ են պարունակում։

Բժիշկ Դեյվիդ Չուն Էն եւ Ռոբերտ Հ. Լուրյեի մանկական հիվանդանոցից (Չիկագո), որը հետազոտություն է իրականացնում բժիշկ Թասիանի հետ համատեղ, ասել է, որ դա նույնն է, թե փորձես շաքարը լուծել սուրճի գրեթե դատարկ բաժակում։

Շոգ ամառը նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը

Որքան ավելի շոգ եւ խոնավ է փողոցում, այնքան մարդն ավելի շատ է քրտնում եւ ավելի քիչ է միզում, ինչի պատճառով հանքանյութերը կուտակվում են երիկամներում եւ միզուղիներում։ Երեխաները հատկապես  զգայուն են շոգի հանդեպ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ երիկամներում քարերի պատճառով բուժօգնության դիմող մարդկանց թիվն ավելանում է միջին օրական ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։

Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ԱՄՆ հարավ-արեւելքում, որը հատնի է որպես «միզաքարային հիվանդության գոտի», դրա տարածվածությունը 50 տոկոսով ավելի բարձր է, քան հյուսիս-արեւմուտքում։

2008թ. իրականացված հետազոտությունը կանխատեսել է, որ «գոտին» անպայման դեպի վեր կընդլայնվի, ընդ որում՝ «բարձր ռիկսի» գոտիներում» ապրող ԱՄՆ բնակչության բաժինը կավելանա՝ 2000թ. 40 տոկոսից 2095թ. հասնելով 70 տոկոսի։

Հակաբիոտիկների կապը երիկամների քարերի հետ

Բժիշկ Թասիանի խոսքով՝ հակաբիոտիկները կարող են այնպես փոխել աղիների միկրոբիոմը, որ դա նպաստի երիկամներում քարերի առաջացմանը։

2018թ. Թասիանի թիմը հայտնաբերեց, որ սովորաբար խմելու հակաբիոտիկներ օգտագործող մարդկանցից յուրաքանչյուր հինգերորդի մոտ երիկամներում քարերի առաջացման հավանականությունն ավելացել է 1,3-2,3 անգամ։ Ռիսկը ժամանակի ընթացքում նվազել է, բայց բարձր է մնացել դեղերի ընդունումից հետո հինգ տարվա ընթացքում եւ եղել է ոչ մեծ՝ ավելի վաղ տարիքում հակաբիոտիկ նշանակելու դեպքում։

Քանի որ ԱՄՆ-ում հակաբիոտիկները հաճախ նշանակվում են առանց անհրաժեշտության, բժիշկ Թասիանը կարծում է, որ դա կարող է լինել երեխաների մոտ հիվանդության առաջացման հիմնական պատճառը։

Թասիանի խոսքով՝ որքան ավելի վաղ մարդու մոտ քարեր առաջանան երիկամներում, այնքան ավելի շատ ժամանակ կմնա հիվանդության ավելի ծանր ձեւերի եւ դրա հետ կապված առողջական երկարատեւ խնդիրների առաջացման համար։ Հետեւանքների մի մասը ներառում է երիկամների ֆունկցիայի կորուստ, սրտային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ հասուն տարիքում, ոսկրային հյուսվածքի հանքային խտության նվազում, ինչը կարող է հանգեցնել կոտրվածքների։

NKF (ԱՄՆ երիկամների ազգային ֆոնդ) տվյալներով՝ երեխաների մոտ, որոնք արդեն երիկամներում քար ունեն, այլ քարի առաջացման հավանականությունը հինգ-յոթ տարվա ընթացքում մոտ 50 տոկոս է։

Բժիշկ Քարպենտերի խոսքով՝ յուրաքանչյուր քար, որն անցնում է միզուղիներով, ավելացնում է միզածորանի՝ այն խողովակների նեղացման, որոնք մեզը դուրս են բերում երիկամներից դեպի միզափամփուշտ։ Երբ դա տեղի է ունենում, երեխաների համար, գուցե, ինվազիվ վիրահատություն պահանջվի այն շտկելու համար։ Փորձագետներն ասում են, որ այդ միտումը անհանգստություն է առաջացնում, քանի որ գոյություն ունեն սահմանափակ քանակությամբ տվյալներ այն մասին, թե ինչպես լավագույն ձեւով բուժել երեխաներին միզաքարային հիվանդությունից։

Երիկամների քարերի ախտանշանները

ԱՄՆ NIH (Դիաբետի, մարսողության օրգանների եւ երիկամների հիվանդությունների ազգային ինստիտուտ) տվյալներով՝ ախտանշանները հետեւյալն են.

  • Սուր ցավեր մեջքի շրջանում, որովայնի ստորին հատվածում եւ աճուկներում
  • Վարդագույն, դարչնագույն կամ կարմիր արյում մեզում
  • Միզելու մշտական պահանջ
  • Պղտոր կամ վատ հոտ ունեցող մեզ
  • Գրգռվածություն, հատկապես փոքր տարիքի երեխաների մոտ։

Երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել, հատկապես տարվա շոգ եղանակին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է