• Latest news

Հայաաստանի երեխաների առողջության հիմնադրամն ընդլայնում է իր գործունեության շրջանակը

25 հուլիսի, 2023  18:45

Վերջերս տեղի ունեցավ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմով երկրորդ նիստը, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների և բժշկական խորհրդի անդամները քննարկեցին և հաստատեցին կառույցի նոր ռազմավարական ուղղությունները և աջակցության շրջանակը։

Ստորև ներկայացնում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժման և կառավարման ուղղությամբ հիմնադրամը շուրջ երկու տարի տրամադրել է և շարունակելու է տրամադրել աջակցություն.

  1. Չարորակ նորագոյացությունների և լեյկոզների բուժում արտասահմանյան լավագույն կլինիկաներում, եթե տվյալ բուժումը Հայաստանում անհասանելի է,
  2. Բրոնխիալ ասթմայի կառավարման համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում,
  3. Իմունային համակարգի խանգարումներ ունեցող երեխաների բուժման համար դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում,
  4. Թոքային ծանր հիվանդությունների բուժման համար դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում,
  5. Լյարդային և խրոնիկ երիկամային անբավարարություններ ունեցող երեխաների լյարդի և երիկամի փոխպատվաստումների ֆինանսավորում:

Համապատասխան վերլուծության արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է աջակցության շրջանակի մեջ ներառել նաև ներքոնշյալ հիվանդությունները, որոնց ուղղությամբ հիմնադրամը մինչ այսօր ցուցաբերել է միայն որոշակի դրվագային աջակցություն.

  1. Նյարդաբանական ծանր խնդիրներ՝ էնցեֆալիտներ (աուտոիմուն), որոնք իմուն միջնորդավորված, նյարդաբորբոքային հիվանդությունների բազմաքանակ խումբ է, որի ժամանակ հակամարմիններ են արտադրվում գլխուղեղի տարբեր հատվածներում։
  2. Վիսցերալ լեշմանյոզ` մարդու և կենդանիների ծանր հիվանդություն է, որը փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով, իսկ վարակի աղբյուր հանդիսանում են շները և շնազգի կենդանիները։ Երեխաների վիճակը պարբերաբար վատանում է և յուրահատուկ բուժման բացակայության դեպքում մահացությունը 100 տոկոս է։
  3. Ապլաստիկ սակավարյունություն՝ արյունաստեղծ համակարգի ծանր հիվանդություն, որը կարող է լինել ձեռքբերովի և բնածին:
  4. Իմուն թրոմբոցիտոպենիա (ITP)` հիվանդություն է, որի ժամանակ հիվանդի մոտ առաջանում են հակամարմիններ թրոմբոցիտների գլիկոպրոտեինների հանդեպ, ինչը բերում է թրոմբոցիտների քայքայմանը և կարող է արյունահոսության պատճառ դառնալ։

Բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից աջակցություն ստացող շահառուների թիվը կկազմի տարեկան շուրջ 1800 երեխա։

Նիստի ընթացքում որոշվեց նաև, որ հիմնադրամը շարունակելու է վերոնշյալ ռազմավարական ուղղությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու իր ջանքերը և պետության հետ ակտիվ համագործակցությունը, որպեսզի վերջինս իր վրա վերցնի ծանր հիվանդությունների հետ բախված երեխաների բժշկական ծախսերը։ Ինչպես նաև հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնելու և բավարար ջանքեր գործադրելու հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրագործմանը։ Նշենք, որ հիմնադրամն իր գործունեության երկու տարիների ընթացքում ստացել է շուրջ

51.000 նվիրատվություն, տրամադրել շուրջ 630.000.000 դրամի աջակցություն՝ օգնելով շուրջ 2225 երեխայի անցնել տարբեր տեսակի հետազոտություններ, ստանալ տասնյակ հազարավոր դոլարների բուժում արտերկրում, ինչպես նաև թանկարժեք և անհասանելի դեղորայք։ Հիմանադրամը նաև նորագույն սերնդի 6 բուժսարքավորում է նվիրաբերել շահառու հիվանդանոցների ու ֆինանսավորել 8 բուժաշխատողների մասնակցությունը միջազգային վերապատրաստումների:

2023 թ-ի հունիսի 1-ին պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հիմնադրամի աջակցությամբ բացվեց «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան», որի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը։

Հիմնադրամին աջակցելու համար այցելեք www.hfc.am կայք, իսկ հիմնադրամի հետ կապված ընթացիկ նորություններին տեղեկանալու համար հետևեք հիմնադրամի ֆեյսբուքյան էջին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է