• Latest news

Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացության ռիսկի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը. Արթուր Ավետիսյան

3 փետրվարի, 2024  12:14

Global Cancer Obserbative-ի տվյալներով Հայաստանը կրծքագեղձի չարորակ ուռուցքից մահացության ռիսկի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսում իր ելույթում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, ով իր պրեզենացիան սկսեց Արարատի եւ Հայաստանի եռագույնի ցուցադրմամբ:

«Աշխարհում 2020-ին այս տեսակի հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 2,2 մլն, իսկ մահացության դեպքերի թիվը՝  685 հազար: Հայաստանում 2020-ին արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղի 686 դեպք, իսկ արդեն 2022-ին՝ 1457 դեպք: Այդ կանանց 15 տոկոսը եղել է երեխա ծնելու տարիքում: Դեպքերի ավելի քան 50 տոկոսի դեպքում կրծքագեղձի քաղցկեղն արձանագրվում է 50-59 տարեկանների շրջանում:

Ռուսաստանում տարեկան մոտավորապես 50 երեխա կորցնում է մորը՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:

Անդրադառնալով այս հիվանդության դեմ պայքարի միջոցներին, Արթուր Ավետիսյանն ասաց. «Պետք է լուսավորչական աշխատանք կատարել կանանց շրջանում, մեծացնել իրազեկության մակարդակը, ներդնել պոպուլյացիոն սկրինինգի ծրագիր եւ այդ ծախսերը փակել կամ պետության միջոցներով կամ ապահովագրությամբ:

Սկրինինգի ծրագրի նպատակն է նախ հայտնաբերել ուռուցքը նախքան կլինիկական փուլին հասնելը, իսկ վերջնական նպատակը մահացությունը կրճատելն է: Նման սկրինինգների մասնակցող կանանց շրջանում մահացության ցուցանիշը առաջիկա 10 տարիների ընթացքում 41 տոկոսով նվազ է:

Սկրինինգների համար լավագույն տարիքը 50-60 տարեկանն է, քննարկվում է նաեւ այդ տարիքը ընդլայնել՝ ներառելով նաեւ 45-49 տարեկաններին՝ յուրաքանչյուր 2-3 տարին մեկ»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով, 2021-ի հունվարից Հայաստանում ներդրվել է կրծքագեղծի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի 4 մարզերում. «Այս ծրագրում ներառվել են 50-69 տարեկան կանայք՝ Լոռու, տավուշի, Սյունիքի եւ Շիրակի մարզերում:

2021-ի հունվարի 19-ից մինչեւ 2023-ի դեկտեմբերի 15-ը հետազոտվել է ավելի քան 26 700 կին, մասնակցել է թիրախային բնակչության մոտ 40 տոկոսը: 1592 կին կանչվել է լրացուցիչ հետազոտության, սակայն ներկայացել է նրանց ընթդամենը 79 տոկոսը: 265 դեպքում հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ, մնացած դեպքերում գրանցվել են բարորակ գոյացություններ:

Բացահայտված դեպքերի 9 տոկոսը եղել է սկզբնական մակարդակում, 44 տոկոսը՝ առաջին փուլում, 30 տոկոսը՝ երկրորդ փուլում: Այդ նույն մարզերում նախքան սկրինինգի ծրագիրը, 1-ին եւ 2-րդ փուլում գտնվող քաղցկեղի հայտնաբերման բաժինը կազմել է ընդամենը 55-60 տոկոս, իսկ սկզբնական փուլում՝ եղել է աննշան:

Նախորդ տարի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ աշխատանք ենք իրականացրել եւ պարզել, որ պետության համար անհամեմատ էժան է իրականացնել սկրինինգային ծրագրեր եւ բուժել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին, քան ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա եւ ծախսել հսկայական միջոցներ հիվանդներին հիվանդության վերջին փուլերում բուժելու վրա»,- հայտարարեց նա:

Նշենք, որ այսօր Ջերմուկում ընթանում է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը:  2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:

Կոնգրեսին ներկա են ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է