• Latest news

Մեծ Բրիտանիան հավանություն է տվել երեխաների օնկոլոգիայի բուժման նոր դեղամիջոցին

9 փետրվարի, 2024  23:14

Մեծ Բրիտանիան հավանություն է տվել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նոր դեղամիջոցին։ Այն կոչվում է բլինատոմումամբ (նաեւ բլինատումումաբ) եւ պակաս թունավոր է եւ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում, քան քիմիաթերապիան։

Դեղամիջոցն առաջին անգամ սկսել է կիրառել երկրի ամենամեծ մանկական հիվանդանոցը Լոնդոնում՝ Great Ormond Street Hospital-ը։

Առաջին պացիենտներից մեկը 11-ամյա Արթուրն է, որը տառապում է լեյկեմիայով։

Նրա ծնողները BBC-ին ասել են, որ նոր թերապիան տղայի համար «լույսի ճառագայթ» է դարձել, քանի որ օգնել է նրան՝ առաջ չբերելով լուրջ կողմնակի ազդեցություններ։

Մեկ այլ առավելությունն էլ այն է, որ դեղը կարելի է ներարկել նաեւ տանը, այլ ոչ թե միայն հիվանդանոցում։ Արդյունքում՝ տղան սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ եւ զբաղվել իր սիրած գործերով։

Բլինատոմումամբը պատկանում է այսպես կոչված «կենսաբանական» դեղերի խմբին։ Դրանք բնական օրգանիզմներում առաջացող կենդանի հակամարմինների արհեստականորեն ստեղծված անալոգներն են։ Այդ խմբի մյուս դեղերը օգտագործվում են աուտոիմունային հիվանդությունների (օրինակ՝ ռեւմատոիդ արթրիտի) բուժման համար։

Բլինատոմումամբի գործողության մեխանիզմը քաղցկեղի բջիջների դեմ որոշակի սպիտակուցի «թիրախավորումն» է, որպեսզի իմունային համակարգը կարողանա ճանաչել, գրոհել եւ ոչնչացնել դրանք։

Դեղն օգտագործվում է լեյկեմիայի (լեյկոցիտների քաղցկեղ) տարբեր տեսակների բուժման համար։ Դրա գլխավոր առավելությունն այն է, որ «գրոհում» է միայն քաղցկեղի բջիջների դեմ, առողջ բջիջները դրա գրոհին չեն ենթարկվում, եւ, որպես կանոն, հիվանդներ այն ավելի հեշտ են տանում, քան քիմիաթերապիան։

Բլինատոմումամբը արդեն որոշ ժամանակ օգտագործվում է մեծահասակ պացիենտների բուժման համար, բայց փորձագետները կարծում են, որ այն կկարողանա անվտանգ օգնել նաեւ երեխաներին։

Բլինատոմումամբը օրգանիզմ է ներարկվում ներերակային ձեւով։ Բուժումը բաժանված է փուլերի, որոնց միջեւ ընդմիջում է տրվում, որպեսզի պացիենտը կարողանա կազդուրվել։

Արթուրը այն ստացել է չորս շաբաթ անընդմեջ, օրական 24 ժամ, ինչից հետո երկշաբաթյա ընդմիջում է տրվել։

Նոր բուժումը չի հյուծել նրան այնպես, ինչպես քիմիաթերապիան, նրա ուժերը չի խլել, եւ տղան կարողացել է ապրել գրեթե նորմալ կյանքով։ Բլինատոմումամբը նրա համար դարձել է քաղցկեղից ազատվելու վերջին իրական շանսը, քանի որ մնացած բոլոր միջոցներն այլեւս չէին ազդում։

Ամենավտանգավոր կողմնակի ազդեցություններից մեկը  կարող է լինել անաֆիլակտիկ շոկը՝ պայմանավորված ալերգիկ ռեակցիայով։ Այն կարող է անգամ հիվանդի մահվան հանգեցնել։

Ուստի,  կենսաբանական դեղերի ներարկման սովորական կանոնը պարտադիր նախնական պրոֆիլակտիկան է հակահիստամիններով եւ կորտիկոստերոիդներով, որպեսզի վտանգավոր բարդություններ չլինեն։ Բայց ի վերջո, կենսաբանական դեղամիջոցը լիովին բուժել է տղային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է