• Latest news

Էբոլայով վարակված առաջին հիվանդների հետազոտման կադրեր են հրապարակվել

27 հոկտեմբերի, 2014  12:43

Բելգիայի արեւադարձային բժշկության ինստիտուտը անհայտ վիրուսի ուսումնասիրման գործընթացը նկարագրող երեք տեսանյութ է հրապարակել, որոնք, Het Laatste Nieuws պարբերականի հավաստիացմամբ, Էբոլա հեմոռագիկ տենդի՝ ներկայումս Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող համաճարակի ակունքների վերաբերյալ պատմական կադրեր են պարունակում:

1976թ.-ին բելգիացի Պիտեր Պիոտի գլխավորությամբ գործող մի խումբ գիտնականներ Զաիր (ներկայումս՝ Կոնգո – խմբ.) էին մեկնել՝ Մարբուրգյան վիրուսն ուսումնասիրելու նպատակով: Սակայն Յամբուկի անունը կրող հեռավոր գյուղում բժիշկների ճանապարհը հետագայում Էբոլա գետի պատվին իր անվանումը ստացած ամենավտանգավոր միկրոօրգանիզմներից մեկի հետ էր խաչվել:

Եզակի կադրերում երեւում է, թե ինչպես են գիտարշավի մասնակիցները շփման մեջ մտնում՝ հիվանդների հետ, նրանց առողջական վիճակի ուսումնասիրմամբ եւ հետազոտություններով զբաղվում, այնուհետեւ էլ՝ շարունակում ճանապարհորդությունը Աֆրիկայով: Տեսագրության երկրորդ մասում նույնիսկ գիտնականներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքն է ցուցադրվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես 1976թ.-ի օգոստոսի 26-ին է արձանագրել: Հիվանդության առաջին կրողը միսիոներական դպրոցի 44-ամյա ուսուցիչ էր: Անհայտ հիվանդության բացահայտման օրվանից հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում վիրուսը 9 մարդու կյանք էր խլել, իսկ համաճարակի ողջ ընթացքում 318 վարակվածներից 280-ը մահացել էին:

ԱՀԿ-ի տվյալներով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ի դրությամբ հեմոռագիկ տենդով վարակման դեպքերի թիվը ավելի քան 10 հազար է կազմում, որոնցից 4922-ը՝մահվան ելքով: Հիշյալ դեպքերի մեծամասնությունը Լիբերիային, Գվինեային եւ Սիերա-Լեոնեին են բաժին հասնում: Ամենածանր իրադրությունը Լիբերիայում է ստեղծվել, որտեղ մահվան դեպքերի թիվը 2705 է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է