• Latest news

Երեւանում ծնված եռյակի ծնողներն օգնության կարիք ունեն

18 հուլիսի, 2015  20:00

29-ամյա Սեդան ու նրա ամուսինը՝ Տիգրանը,  միշտ երազել են երրորդ երեխան ունենալու մասին, սակայն ճակատագիրը նրանց համար հետաքրքիր անակնկալ էր պատրաստել: Հղիության 16-17-րդ շաբաթում Սեդան ՈւՁՀ հետազոտություն անցավ եւ իր համար միանգամայն անսպասելի լուր իմացավ՝ պտուղը մեկը չէր, նա եռյակի էր սպասում:

«Չեմ կարող նույնիսկ նկարագրել, թե ինչ ապրումներ եմ ունեցել այդ պահին, - պատմեց NEWS.am Medicine-ին Սեդան, - ուրախություն ու անհանգստություն միաժամանակ: Իհարկե, մեր երկրում  շատ դժվար է եռյակ մեծացնելը: Ես նախապես գիտեի, որ շատ դժվար է լինելու՝ հինգ անչափահաս, որոնցից երեքը նորածին… »

Սեդայի հղիությունը բացառիկ է բոլոր առումներով: Սովորաբար, եռյակները ծնվում են անպտղության բուժման կամ ԱՄԲ-ի արդյունքում, սակայն Սեդան հղիացել է բնական ճանապարհով: 

 «Բնական ճանապարհով բեղմնավորած եռյակները շատ հազվադեպ են հանդիպում: Տարեկան մեր ծննդադատնը ծնվում են 35-40 երկվորյակներ, իսկ եռյակներ՝ տարին 2-3 անգամ: Սակայն ես չեմ հիշում որեւէ մի դեպք, երբ եռյակը բեղմնավորվել է բնական ճանապարհով», - պատմեց NEWS.am Medicine-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Արեն Գյոզալյանը: Եռյակը լույս աշխարհ է եկել նշյալ ծննդատանը:

Հատկանշական է, որ բոլոր եռյակները տարբեր ձվաբջիջներից են, յուրաքանչյուրն իր ընկերքն ուներ, նրանք նույնիսկ արյան տարբեր խմբեր ունեին: 

Հղիությունը, մասնագետի խոսքով, բնականոն կերպով էր ընթանում, մինչեւ 34-35 շաբաթ: Այնուհետեւ, սակայն, Սեդայի ճնշումը սկսեց բարձրանալ, ոտքերն այտուցվեցին, հղիությունն էլ բարդացնում էր Սեդայի երակների վարիկոզ լայնացումը: Այդ ժամանակ Սեդային ստացիոնար տեղափոխեցին, որտեղ նա գտնվում էր  մասնագետների մշտական հսկողության ներքո: Հղիության 38-րդ շաբաթում մասնագետները, նկատի ունենալով կնոջ վիճակը,  որոշեցին կեսարյան հատում իրականացնել, քանի որ պտուղների դիրքը բնական ծննդաբերությունը քիչ հավանական էր դարձնում:

Վիրահատությունը հաջող անցավ, եւ  լույս աշխարհ եկան մեկ տղա ու երկու աղջիկ՝ Ելենան, Ալենն ու Միլենան: 

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում  նորածինների բաժանմունքի պետ Աիդա Ղարիբյանը, բազմապտուղ հղիությունը ռիսկայինների շարքին է դասվում, իսկ ժամանակից շուտ ծնված երեխաները չեն հասցնում հասունանալ: Այդ պատճառով նրանք կարող են օրգանիզմի բոլոր համակարգերի հետ կապված խնդիրներ ունենալ: Ցավոք, ժամկետից շուտ ծնված եռյակները շատ հաճախ են մահանում: 

Սակայն այս դեպքում հղիությունը տեւեց ընդհուպ մինիչեւ 38-րդ շաբաթը, եւ դա այս դեպքի առանձնահատկություններից մեկն է: Սեդայի երկու երեխաները ծնվել են նորմալ քաշով, երրորդի քաշի նորմայից աննշան փոքր էր, սակայն որեւէ լուրջ խնդիրներ նա չուներ, իսկ մասնագետները, որոշ ժամանակ պահելով փոքրիկին վերակենդանացման բաժանմունքում,  նրան պալատ տեղափոխեցին՝ մոր, եղբոր ու քրոջ մոտ:

Ինչպես հայտնեց մասնագետը, բոլոր երեք երեխաները այժմ սնվում են կրծքի կաթով եւ քաշ հավաքում: Մոտ ապագայում երեխաներին եւ մայրիկին դուրս կգրեն, իսկ երեխաների հայրը, ինչպես նաեւ բարեկամները, կկարողանան տեսնել նրանց:

Այժմ Սեդան ու Տիգրանը 5 երեխա ունեն: Մեծ աղջիկը վեց տարեկան է, այս տարի դպրոց կգնա, երկրորդ երեխան՝ որդին, երկու տարեկան է: Իսկ նորածինները՝ մի քանի օրական: Խնդիրն այն է, որ ընտանիքը վարձով է ապրում: Սեդան չի աշխատում, քանի որ պետք է խնամի երեխաներին, իսկ ամուսինը՝ Տիգրանը, եւս մշտական աշխատանք չունի: Այդ պատճառով ընտանիքի համար շատ դժվար կլինի, իսկ նորածին եռյակը բավականին շատ ծախսեր է պահանջում՝ սնունդ, հագուստ, այլ պարագաներ: Սեդան փորձում է երեխաներին կրծքով կերակրել, սակայն կաթը երբեմն չի հերիքում, եւ արհեստական կեր օգտագործելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս, ինչը հավելյալ ֆինանսական միջոցներ է պահանջում:

Կլինիկայի ղեկավարությունը  երեխաների համար հագուստ, սնունդ ու տակդիրներ է գնել, որոնք պետք է բավականացնեն մի քանի օր, սակայն ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի: Ծնողները շնորհակալ կլինեն ամեն հնարավոր օգնության համար:

Եթե մեր ընթերցողները կցանկանան օգնել երիտասարդ ընտանիքին, խնդրում ենք զանգահարել Տիգրանին՝ +374 93 22 49 80 համարով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել