ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցություն է հայտնել կանանց աբորտի իրավունքին` որոշելով, որ առանձին նահանգներ իրավունք չունեն սահմանափակել կնոջ` հղիության ընդհատման սահմանադրական իրավունքը` նրանց վրա «չարդարացված բեռ դնելով» կլինիկաներում աբորտների հասանելիությունը սահմանափակելու հաշվին:
Դատավորների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Թեքսասի նահանգի օրենքին, որի համաձայն, աբորտներ կարող են անցկացնել միայն այն բժիշկները, որոնք իրավունք ունեն հիվանդներին տեղափոխել մոտակա հիվանդանոցներ: Իրենք` կլինիկաները պետք է զինված լինեն թանկարժեք բուժական սարքավորումներով: Նմանատիպ օրենքներ են գործում նաեւ մի շարք այլ նահանգներում:
Հանդես գալով մեծամասնության անունից` դատավոր Սթիվեն Բրայերը հայտնել է, որ տվյալ օրենքը բժշկական տեսանկյունից հիմնավորված չէ եւ կանանց` աբորտի իրավունքի ոչ սահմանադրական սահմանափակում է, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
«Հատուկ սարքավորումների, ինչպես եւ մոտակա հիվանդանոցներ տեղափոխելու պահանջը հազիվ թե կանանց առավելություններ է տալիս առողջապահության ոլորտում եւ լուրջ խոչընդոտ է ստեղծում աբորտ անել ցանկացողների ճանապարհին, իրենից ներկայացնելով կանանց` աբորտ անելու սահմանադրական իրավունքի համար «չարդարացված բեռ»», – ասել է Բրայերը:
Թեքսասի իշխանությունները պնդում էին, որ տվյալ օրենքն ուղղված է կանանց առողջության պահպանությանը, սակայն աբորտի իրավունքի կողմնակիցները այն համարում են պահպանողական նահանգի վատ թաքցված փորձ` կրճատելու հղիության ընդհատման վիրահատությունների քանակը, որին Թեքսասում ամեն տարի 70 000 կին է դիմում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր