Հայաստանում խորը անհաս ծնված երեխաների մոտ 50-52 տոկոսը ողջ է մնում: Այդ մասին լրագրողներին պատմել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը:
Նրա խոսքով, անհասությունը եւ բնածին արատներն այսօր նեոնատոլոգիայի լրջագույն խնդիրներից են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Անհաս երեխաները հաճախ բախվում են մի շարք հիվանդությունների (օրինակ` անհասների ռետինոպաթիայի) եւ նեոնատոլոգների խնդիրն է ժամանակին ախտորոշել դրանք եւ բուժել կամ էլ կանխել դրանց հետագա խորացումը:
Անցյալում այդ խնդիրներն այնքան էլ այժմեական չէին, որովհետեւ անհաս երեխաների մեծամասնությունն ուղղակի մահանում էր, իսկ այսօր բժշկությունն ի վիճակի է պահպանել նույնիսկ այն երեխաների կյանքը, որոնք հղիության 22-րդ ամսում են ծնվել եւ 900գ կամ պակաս քաշ ունեն:
Կոնկրետ Հայաստանում, մասնագետի խոսքով, ժամանակից քիչ առաջ ծնված երեխաների 96 տոկոսը ողջ է մնում: Ինչ վերաբերում է խորը անհաս երեխաներին, ողջ է մնում 50-52%:
Հիշեցնենք, որ անհաս երեխաների շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկը անհասների ռետինոպաթիան է` աչքերի ծանր հիվանդությունը, որը կարող է տեսողության կորստի հանգեցնել: Ժամանակին ծնված երեխաները որպես կանոն նման խնդիր չեն ունենում:
Հիշեցնենք նաեւ, որ որոշ գիտնականներ պնդում են, թե անհաս երեխաներին սպասում է հասուն կյանքում ցածր աշխատավարձ, ինչպես նաեւ ավելի թույլ առողջություն: Կանադայում Մակմաստերի համալսարանի մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չափահաս դառնալով, անհաս երեխաներն ավելի քիչ են սեքսով զբաղվում եւ ավելի քիչ երեխա են ունենում, ավելի հաճախ են բախվում գործազրկության խնդրին եւ խրոնիկական հիվանդություններ են ունենում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր