Ստեֆանի Շեֆերդը Flinders University-ից (Ավստրալիա) մեզի նոր անալիզ է մշակել, որի օգնությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել եւ նույնիսկ պարզել դրանց զարգացման աստիճանը:
Հիվանդության առաջխաղացմանը զուգահեռ` մեզի մեջ p75NTRECD պրոտեինի խտությունն ավելանում է, այդպիսով` չափելով դրա քանակը, հնարավոր է հասկանալ, թե կոնկրետ մարդու մոտ որքան հեռուն է գնացել հիվանդությունը:
Մինչ այժմ շատ բարդ էր հասկանալ, թե մարդու հիվանդությունը որքանով է լուրջ. հետազոտողները հիմնվում էին հարցաշարի վրա, որի լրացումը ցույց էր տալիս, թե հիվանդն ինչպես է հաղթահարում առօրյա գործերը: Սակայն խնդիրն այն է, որ հիվանդների մեծամասնությունը նկատում է, որ ինչ-որ բան սխալ է, երբ նյարդային համակարգին արդեն զգալի վնաս է հասցված լինում:
Ստեֆանի Շեֆերդը հայտնել է, որ իր հայտնաբերած պրոտեինի խտությունը հեշտ է չափել, իսկ դրա քանակը զուգորդվում է հիվանդության փուլի հետ: Որքանով ավելի լուրջ հիվանդ է մարդը, այնքան մեծ է նրա մեզի մեջ այդ սպիտակուցի խտությունը: Ստեֆանի Շեֆերդը հավելել է, որ պարզ անալիզների օգնությամբ բժիշկները կկարողանան հատուկ տեղեկություններ ստանալ հիվանդության ընթացքի մասին, իսկ հեռանկարում` ավելի բարձր ճշգրտությամբ կլինիկական փորձարկումներ կատարել, ինչն ի վերջո կարող է հանգեցնել շարժողական նեյրոնների հիվանդության դեմ դեղամիջոցի մշակմանը:
Շարժողական նեյրոնների հիվանդությունները դեգեներատիվ հիվանդությունների խումբ են, որոնք ազդում են մարդու շարժողական հմտությունների վրա: Օրինակ, այդ խմբին է դասվում կողմնային ամինոտրոֆիկ սկլերոզը, որով հիվանդ է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որի միայն այտի դիմախաղային մկանն է աշխատում:
Հիվանդությունն անսպասելիորեն է դրսեւորվում եւ բավականին արագ զարգանում է. հազվագյուտ բացառությունները չհաշված (որոնց թվին է դասվում Սթիվեն Հոքինգը), նման հիվանդները 3-5 տարուց ավելի չեն ապրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր