• Latest news

2016-ին Հայաստանում ծնված աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը նորմային է մոտեցել

10 դեկտեմբերի, 2016  16:07

2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում ծնված աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը նորմային շատ ավելի է մոտ եղել, քան վերջին տասնամյակի ընթացքում. 100 աղջկա դիմաց ծնվել է 108 տղա: «Վորլդ Վիժն»-ի հայկական գրասենյակի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սեւան Պետրոսյանը նշեց, որ սա երկրի համար կարելի է մեծ ձեռքբերում համարել:

Ըստ նորմայի՝ 100 աղջկա դիմաց պետք է 104-106 տղա ծնվի (քանի որ տղաները համարվում են ավելի խոցելի եւ պակաս կենսունակ, ավելի շատ են ծնվում, որպեսզի սեռական հասունացման հասնելիս տղաների եւ աղջիկների թիվը հավասարվի), նշեց մասնագետը: Հայաստանում, սակայն, այս հարաբերակցությունը խախտված էր, եւ երկար տարիներ շարունակ 100 աղջկա դիմաց 116 տղա էր ծնվում: Մասնագետներից շատերի կարծիքով՝ այս հարցում մեծ դերակատարում ունեին սելեկտիվ աբորտները, որոնց պատճառով Հայաստանում ամեն տարի չէր ծնվում 3000-3500 աղջիկ:

Այս տարի Հայաստանի «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերատադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել՝ ուղղված սելեկտիվ աբորտների դեմ պայքարին: Նույնպիսի ուղղվածություն են ունեցել նաեւ Հայաստանում անցկացված միջազգային կազմակերպությունների որոշ ծրագրեր:

Սակայն համոզվելու համար, որ այդ բոլոր միջոցառումները պտղաբեր են եղել եւ երկրում իսկապես սելեկտիվ աբորտներ սկսել են ավելի քիչ անել, իսկ ծնվող երեխաների սեռերի հարաբերակցությունը սկսել է նորմային մոտենալ, պետք է հապշտապ եզրակացություններ չանել եւ սպասել: Սեւան Պետրոսյանը նշեց, որ եթե այս միտումը առաջիկա 2-3 տարիների ընթացքում պահպանվի, կարելի է համոզված ասել, որ հայերի մտածողության մեջ լուրջ փոփոխություններ են կատարվել: Դրանից զատ, ճիշտ կլինի սպասել տարեվերջին եւ 2016-ի համար վերլուծել ամբողջ վիճակագրությունը:

Հիշեցնենք, որ ծնված տղաների եւ աղջիկների խեղաթյուրված հարաբերակցությամբ Հայաստանն աշխարհում Չինաստանից եւ Ադրբեջանից հետո երրորդ տեղն է գրավում: Հայաստանի որոշ մարզերում խնդիրն ավելի լուրջ է, քան մյուսներում: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում՝ սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Շատ փորձագետներ նշում են, որ ծնվող երեխաների սեռերի հարաբերակցության խախտումը երկրին կարող է ժողովրդագրական աղետի հանգեցնել. արդեն այսօր մինչեւ 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը աղջիկների թվին գերազանցում է 40 հազարով, իսկ տվյալ միտումների պահպանման դեպքում 2060 թվականին կունենանք 93 հազար չծնված աղջիկներ, կամ նույնքան «ավելորդ» տղաներ, որոնց համար դժվար կլինի զույգ ընտրելը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել