Ցանկացած բանակում մեծ դեր են խաղում ոչ միայն զինվորներն ու բժիշկները, այլեւ միջին բժշկական անձնակազմը, որի մեծամասնությունը կանայք են: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը, բանակում ֆելդշերների ու բուժքույրերի դերը չի կարելի թերագնահատել, քանի որ նրանք, ինչպես բժիշկները, բազմաթիվ կյանքեր են փրկում թե´ ռազմի դաշտում, թե´ թիկունքում:
Նրա խոսքով, Ղարաբաղի պատերազմին մասնակցել են ոչ միայն բժշկական կրթությամբ կանայք, այլեւ զինվորների քույրերը, մայրերը եւ կանայք, եւ նրանք բոլորն էլ անգնահատելի օգնություն են ցուցաբերել: Ամեն օր բազմաթիվ մահացած եւ վիրավոր տղաների էին բերում զինվորական հոսպիտալ, բժիշկների աշխատանքը շատ էր, եւ բոլորն էլ ստիպված էին շատ աշխատել:
«Եղել են իրավիճակներ, երբ տղամարդկանց ուժերն սպառվում էին, նրանք թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես էին հոգնում, բայց կանայք, անփոփոխ խանդավառությամբ շարունակելով իրենց աշխատանքը, մեզ համար օրինակ էին ծառայում»,-պատմել է Տարոն Տոնոյանը:
«Արթմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նույնպես հիշել է, թե ինչպես է պատերազմի տարիներին աշխատել բազմաթիվ կին բժիշկների եւ բուժքույրերի հետ:
«Նրանք հրաշալի մարդիկ եւ հրաշալի մայրեր էին: Կին բժիշկները նույնիսկ ավելի հոգատար եւ ուշադիր էին, քան տղամարդիկ»,- նշել է նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր