• Latest news

6 սխալ, որ բոլորը թույլ են տալիս մարզասրահում

9 հոկտեմբերի, 2016  19:32

Նիհարելու եւ քաշը պահպանելու համար հարկավոր է ոչ միայն ճիշտ սնվել, այլեւ ճիշտ մարզվել: Առողջության, սննդի եւ մարզումների մասին ավելի քան 80 գրքի հեղինակ Ջեյմս Պետերսոնի խոսքով՝ հաջող նիհարելու համար պարզապես մարզասրահ այցելելը բավարար չէ, հարկավոր է նաեւ ճիշտ մարզվել:

Մի քանի տարածված սխալ, որոնք մարդկանց մեծ մասը թույլ է տալիս մարզասրահում:

Սխալ N1. Շատ շփում, քիչ մարզում

Սպորտային բժշկության ազգային ակադեմիայից Սքոթ Լյուքեթի խոսքով՝ շատերը մարզասրահ գնալով՝ սկսում են շփվել ընկերների հետ: Արդյունքում չեն էլ նկատում, որ ժամանակի մեծ մասն անցկացնում են զրուցելով, իսկ մարզումներին ընդամենը 10-15 րոպե են տրամադրում:

Սխալ N2. Մարզումներին սխալ մոտեցում

Ոմանք մարզվելիս գիրք են կարդում, հենվում են մարզասարքերին. այս ամենը նվազեցնում է մարզումների ինտենսիվությունը: Մարդիկ կարծում են, որ եթե շարժվում են, չեն կանգնում տեղում, անպայման կնիհարեն, բայց, փորձագետի խոսքով, եթե մարզումներն ինտենսիվ չեն, դրանցից օգուտը մեծ չի կարող լինել:

Սխալ N3. Մարզումներ ճարպերն այրելու ռեժիմով

Բազմաթիվ մարզասարքերի վրա, հավանաբար, տարբեր ռեժիմներ եք նկատել՝ նախատեսված տարբեր նպատակների համար: Ճարպերի այրման ռեժիմը սովորաբար ենթադրում է առավելագույն զարկերակի 65-70%-ի ծանրաբեռնվածություն: Սակայն, մասնագետների պնդմամբ, դա բավարար չէ հաջող նիհարելու համար: Դրա համար հարկավոր է առավելագույնս ինտենսիվ մարզվել, որպեսզի օրգանիզմն ավելի շատ կալորիա ծախսի՝ ինչպես մարզումների ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

Սխալ N4. Ծախսած կալորիաների գերագնահատում

Բազմաթիվ մարզասարքերի վրա ծախսած կալորիաների մասին տեղեկություն կարող եք տեսնել: Պետք չէ հավատալ այդ տեղեկությանը: Փորձագետի պնդմամբ՝ մարզասարքը կարող է ասել, որ 500 կալորիա եք ծախել, բայց իրականում կարող եք 250 կամ ավելի պակաս ծախսել, հատկապես եթե սխալ եք մարզվել եւ, օրինակ, վազքուղու վրա մարզվելիս բռնակներին եք հենվել:

Սխալ N5. Միեւնույն վարժությունը կրկնելը

Եթե ամեն օր միեւնույն վարժությունն անեք, Ձեր օրգանիզմը պարզապես փոխվելու պատճառ չի ունենա: Որպեսզի մարմինը փոխվի եւ զարգանա, նրան նոր, ոչ սովորական ծանրաբեռնվածություն է անհրաժեշտ: Այդ պատճառով հարկավոր է ժամանակ առ ժամանակ փոխել մարզումների ծրագիրը եւ հնարավորինս շատ վարժություններ անել, որոնք բարդ եւ ոչ այնքան հաճելի են թվում:

Սխալ N6: Որոշակի հատվածում ճարպային կուտակումների դեմ վարժությունների հանդեպ սեր

Դուք, հավանաբար, լսել եք վարժությունների մասին, որոնք, իբր, այրում են որովայնի կամ կողքերի հատվածում կուտակված ճարպը: Ճշմարտությունն այն է, որ ոչ մի վարժություն չի կարող այրել ճարպը, որտեղ էլ այն լինի: Ճարպն այրվում է նյութափոխանակության ընթացքում, եւ օրգանիզմն ինքն է որոշում, որտեղից այն այրել: Դա կարող է կախված լինել մարդու ժառանգականությունից, բայց ոչ երբեք վարժությունների տեսակից: Այդ պատճառով պետք չէ ժամանակ ծախսել, օրինակ, մկանների ձգման վարժության համար: Ավելի արդյունավետ է շատ կալորիա այրող եւ մկանների աճին նպաստող վարժություններ անել, քանի որ մկանները բավականաչափ կարոլիա են ծախսում՝ իրենց գոյությունը պահպանելու համար: Իսկ երբ Ձեր քաշը նորմայի սահմաններում լինի, կարելի է մտածել նաեւ մարմնի կառուցվածքի մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է