• Latest news

Ո՞նց է քառյակ մեծացնելը. պատմում է մայրը

6 նոյեմբերի, 2016  21:07

Բազմաթիվ երիտասարդներ պատկերացնել անգամ չեն կարող, թե ինչպես կարելի է քառյակ երեխաների մեծացնել: Նրանք սեփական փորձով էլ գիտեն, որ մեկ երեխայի հետեւից էլ չես հասնի, իսկ այստեղ՝ միանգամից չորսը: Սակայն 27-ամյա Մարիամ Թունյանն ու նրա հարազատները մի ամբողջ համակարգ են մշակել, որն օգնում է հոգ տանել սեպտեմբերին ծնված փոքրիկների մասին եւ ամեն ինչ հասցնել:

Շշերն ու ծծակները տարբեր գույնի են. աղջիկների համար՝ վարդագույն, տղաների համար՝ կապույտ: Դրանք նաեւ համարակալված են, որպեսզի յուրաքանչյուրն իրենն ունենա: Պատին ցուցակ է կախված, որում նշված են փոքրիկների օրվա անելիքները:

«Նրանք համեմատաբար հանգիստ երեխաներ են, բայց բավական դժվար է նրանց լողացնել: Հարկավոր է ամեն ինչ արագ անել, որպեսզի չմրսեն: Նաեւ կերակրելն է դժվար, հարկավոր է ամեն ինչ ժամանակին անել»,- պատմեց Մարիամը:

Երիտասարդ մորը երեխաների մասին հոգ տանելու գործում օգնում են ամուսինն ու հարազատները, ինչպես նաեւ ավագ դուստրը՝ Աշխենը: Ի տարբերություն շատ երեխաների՝ նա չի խանդում փոքրիկներին, հակառակը, հաճույքով օգնում է խնամել նրանց:

«Սովորաբար անհանգստանում են, որ երկրորդ երեխայի ծնունդը խանդի առիթ է ավագի համար, բայց մեր դեպքում՝ ոչ: Գուցե պատճառն այն է, որ Աշխենը դեռեւս փոքր է եւ բոլորի ուշադրության կենտրոնում է: Մեր կրտսեր դստերը Դանա ենք կոչել: Աշխենն ասում է. «Մամ, նա փոքրիկ է, արի նրան Փոքրիկ կոչենք: Կամ թող նա լինի Փոքրիկ Աշխենը, իսկ ես՝ Մեծ Աշխենը»: Նա շատ հոգատար է, շատ է սիրում երեխաներին եւ օգնում է ինձ»,- ասաց Մարիամը:

Քառյակի լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Մարիամին, նրա ամուսնուն եւ փոքրիկներին, իբր, բնակարան, ավտոմեքենա եւ բիզնես են նվիրել: Մարիամը պնդում է. ճիշտ չէ, որ մի օգնություն պետությունից կամ պաշտոնյաներից չեն ստացել:

«Երբ հիվանդանոցում էի, ընկերներս եւ ծանոթներս սկսեցին զանգահարել եւ ասել՝ «Շնորհավորում ենք, քեզ բնակարան եւ մեքենա են նվիրել»: Բայց ճիշտ չէ: Ոչ ոք ոչինչ չի նվիրել: Խնդրում եմ, իմ մասին նման անպատասխանատու հոդվածներ մի գրեք: Գիտե՞ք՝ ինչն է ամենից տհաճը: Հիվանդանոցում ինձ հետ մի եզդի կին էր պառկած, եռյակ էր ունեցել: Նրան հաճելի չէր, որ ինձ, իբր, ինչ-որ բան են նվիրել, իսկ իրեն՝ ոչ: Իսկ ես չէի կարող նրան համոզել, որ ինձ ոչինչ չեն նվիրել»:

Մարիամին եւ քառյակին նվերներ են մատուցել միայն Կաթողիկոսն ու Հռոմի Պապը, նաեւ անհատ անձինք. Կիպրոսից մի կին փոքրիկ գումար է ուղարկել, իսկ մանկական խանութում իմանալով, որ Մարիամը քառյակ է լույս աշխարհ բերել, մանկական իրեր են նվիրել:

«Ես Գարեգին 2-րդ կաթողիկոսից նվերներ ստացա, որ երեխաներին այցելեց հիվանդանոցում. ե՛ւ գումար, ե՛ւ հագուստ, ե՛ւ Ավետարան, ե՛ւ օրհնված խաչեր: Երեխաներս նաեւ Հռոմի Պապի կողմից օրհնված կախազարդեր ունեն»,- պատմեց Մարիամը:

Կիպրոսից հաշմանդամ մի կին պարզապես լսել է, որ Հայաստանում քառյակ է ծնվել, եւ իր թոշակից 100 եվրո է ուղարկել: Մի քանի օր առաջ Հայաստանից նրա ընկերուհին ընտանիքին է փոխանցել նվերը: «Ուզում եմ շնորհակալություն ասել տիկին Սիլվարդին, նրան առողջություն ցանկանալ եւ հուսալ, որ մի օր նրան հանդիպելու հնարավորություն կունենամ»,- ասաց Մարիամ Թունյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել