• Latest news

Անցյալ տարվա ամենավտանգավոր 5 դիետաները. մի՛ կրկնեք դրանք 2017-ին

6 հունվարի, 2017  13:47

Դիետաները, որոնց մասին կխոսենք, լավագույն դեպքում պարզապես անօգուտ են, վատագույն դեպքում՝ վտանգավոր են առողջության եւ նույնիսկ կյանքի համար: Դրանք շատ տարածված էին 2016 թվականին, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից այս տարի եւ ընդհանրապես:

Կիտրոնային դետոքս

Դիետոլոգ Էդ Զիմնին խորհուրդ է տալիս խուսափել, այսպես կոչված, կիտրոնա-պղպեղային ըմպելիքով դետոքսից: Նման «կիտրոնային դիետան» ենթադրում է 10-օրյա կուրս, որի ընթացքում հարկավոր է սնվել միայն ջրից, կիտրոնի հյութից, թխկենու օշարակից եւ քայան պղպեղից կազմված հյութ խմել:

Որոշ հայտնիներ ակտիվորեն գովազդում էին այս դիետան, սակայն բժիշկները պնդում են. դետոքսն ընդամենը առասպել է: կիտրոնային դիետայի բաղադրիչներն առանձին-առանձին, ինչպես նաեւ միասին չեն կարող «մաքրել» օրգանիզմը: Իրականում օրգանիզմը մաքրման կարիք չունի:

Լուսնային դիետա

Լուսնային դիետան, որի համաձայն՝ հարկավոր է լիալուսնի կամ նորալուսնի շրջանում ոչինչ չուտել՝ օրգանիզմն ավելորդ ջրերից եւ ճարպերից մաքրելու համար, նույնիսկ անիմաստ է: Մասնագետների հավաստմամբ՝ նման դիետայի արդյունավետությունը որեւէ գիտական հիմնավորում եւ ապացույց չունի:

Մանկական սննդով դիետա

Եվս մեկ սննդակարգ, որը բժիշկները չեն ընդունում, մանկական սննդով դիետան է, որը կազմել է Հոլիվուդի հայտնի ֆիթնես-մարզիչ Թրեյսի Անդերսոնը: Նա հայտարարել է, որ մանկական սնունդն օգտակար է, քանի որ արհեստական ներկանյութեր եւ կոնսերվանտներ չի պարունակում, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռում վարժվել փոքր չափաբաժինների:

Սակայն դիետոլոգ Էլիս Լեւայնը նշել է, որ այն մարդուն զրկում է սնունդը ծամելու անհրաժեշտությունից, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ծնոտային ապարատի եւ մարսողական համակարգի վրա:

Բացի այդ, մանկական սնունդը չի կարող հասուն օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ մանրաթելեր, սպիտակուցներ եւ ճարպեր փոխանցել:

Բանջարեղենային դիետա

Բժիշկները վնասակար են համարում նաեւ կաղամբապուրով դիետան, երբ մեկ շաբաթ շարունակ հարկավոր է միայն ցածր կալորիականությամբ բանջարեղենային ապուր ուտել: Այն չափազանց քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, ինչի արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ օրգանիզմում կարող է կենսական նշանակության սպիտակուցների եւ ճարպաթթուների պակաս առաջանալ: Փոխարենն ավելի արդյունավետ է բանջարեղենի եւ անյուղ մսի կամ ձկան համադրությունը:

Հյութային դիետա

Վատագույն դիետաների ցանկում ներառվել է նաեւ, այսպես կոչված, հյութային դիետան, որը ենթադրում է բացառապես թարմ քամած մրգերից եւ բանջարեղենից հյութերի օգտագործում: Քալիֆորնիական համալսարանի սպորտային սննդակարգի հարցերի մասնագետ Լիզ Էփլգեյթի խոսքով՝ հյութային դիետան օրգանիզմը զրկում է կյանքի համար անհրաժեշտ նյութերից, որոնք ապահովում է նորմալ սննդակարգը: Դա հանգեցնում է դիետայի ընթացքում նյութափոխանակության դանդաղեցման եւ նորմալ սննդակարգի վերադառնալուց հետո կորցրած կիլոգրամների արագ վերականգնման: Բացի այդ՝ հյութային դիետան վնասակար է ատամների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է