• Latest news

Էլ.առողջապահությունը անձնական տվյալների պաշտպանության առումով վտանգներ չի պարունակում. փոխնախարար

27 փետրվարի, 2017  15:59

Հայաստանի առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը պնդում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության առումով որեւէ վտանգ չի պարունակում: Ինչ վերաբերում է դրա կիրառման հետ կապված տեխնիկական խնդիրներին. փոխնախարարի խոսքով՝ դրանք աստիճանաբար կլուծվեն:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Մարգարյանը պարզաբանեց, որ eHealth-ը պետական ծրագիր է, եւ գաղտնիությունն ամբողջությամբ ապահովված է: «Մենք չենք խախտում տեղեկատվության մասով առողջապահական համակարգի ստատուս-քվոն: Չէ՞ որ դուք ձեզ հետ չեք վերցնում ձեր հիվանդության պատմությունը, այն հիվանդանոցում է մնում: Մենք ընդամենը փոխում ենք կրիչը՝ պահպանելով ավտանգության բոլոր չափորոշիչները»,- ասաց նա՝ հավելելով, որ էլեկտրոնային համակարգի հանդեպ մարդկանց անվստահության պատճառը հոլիվուդյան ֆիլմերն են: Իրականում, նրա կարծիքով, թվային տեսքով տեղեկատվությունն ավելի լավ է պահպանվում եւ ավելի պակաս հասանելի է, քան թղթի տեսքով:

«Անվտանգության տեսանկյունից այս ծրագիրը պաշտպանության լուրջ մակարդակ ունի: Այն գրվել է այս ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող Ericsson ընկերության կողմից»,- նշեց պաշտոնյան:

Բավարար քանակությամբ համակարգիչների առկայության, ինտերնետի հասանելիության առումով էլ Սամվել Մարգարյանը վստահեցրեց, որ բոլոր հարցերը կարելի է լուծել, եւ նախարարությունը բուժհաստատություններին կօգնի լուծել դրանք:

Մասնավորապես, ներկայում www.armed.am կայքը հասանելի է միայն նույնականացման քարտերի օգնությամբ, եւ դրա համար հատուկ սարք է անհրաժեշտ: Փոխնախարարը նման սարքերի ձեռքբերումը ֆինանսական մեծ բեռ չի համարում բոբւժհաստատությունների, բժիշկների եւ քաղաքացիների համար: Չնայած, նրա խոսքով, հետագայում քաղաքացիներին կայքի հասանելիության ավելի պարզ, պաշտպանված միջոց կառաջարկվի՝ կոդավորման օգնությամբ:

Ինչ վերաբերում է ինտերնետի հասանելիությանը. այդ հարցը, ըստ փոխնախարարի, լուծվում է կենտրոնացված, բժշկական ցանցի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նախարարությունը բանակցություններ է վարում պրովայդերների հետ՝ շուրջ 600 կետ այնպիսի ինտերնետով ապահովելու նպատակով, ինչպիսին անհրաժեշտ է այս ծրագրի եւ հեռաբժշկության ծրագրի աշխատանքի համար: Անհրաժեշտության դեպքում՝ նախարարությունը պատրաստ է օգնել նաեւ համակարգիչների հարցում:

«Մենք բժիշկների վրա կթողենք միայն իրենց կամքն ու պատրաստակամությունը՝ սովորել ծրագիրն ու աշխատել դրանով։ Մյուս տեխնիկական խոչընդոտները փորձելու ենք կենտրոնացված կարգով լուծել։ Չենք ասելու՝ ուզում ենք եւ վերջ, մնացածը գնացեք՝ ինքներդ արեք։ Այս ամենը կա մեր ծրագրերում։ Ճանապարհային քարտեզի բոլոր փուլերով անցնելու ենք»,- վստահեցրեց նա:

Սամվել Մարգարյանը հիշեցրեց, որ կառավարությունը որոշել է eHealth-ը կոնցեսիոն կառավարման փոխանցել: Այնպես որ՝ կայքը կունենա օպերատոր, տեխնիկական ապահովման համար թիմ կաշխատի: «Հնարավոր կլինի զանգահարել նրանց, ինչպես հիմա խնդիրների դեպքում զանգահարում ենք ինտերնետ-օպերատորներին, եւ նրանք հեռախոսով հրահանգներ կտան»,- ասաց Սամվել Մարգարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել