Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Ես ողջ եմ եւ դուստր ունեմ, որով հպարտանում եմ. 12 տարեկանում բժիշկներն Անուշիկին տուն էին ուղարկում՝ առանց տանջանքների մեռնելու

7 հունիսի, 2017  22:33

Աղջիկը ողջ չի մնա, ավելի լավ է նրան չտանջել ցավոտ եւ անիմաստ բուժմամբ եւ տուն ուղարկել: Բժիշկներն այսպես էին ասում 12-ամյա Անուշիկի մասին, որի մոտ վերջին փուլի լեյկոզ էին հայտնաբերել: Բժիշկներից մեկը, սակայն, աղջկանից չհրաժարվեց եւ հայտարարեց, որ նրա համար մինչեւ վերջ կպայքարի: Ե՛վ բժշկի, ե՛ւ փոքրիկ հիվանդի համար երկարատեւ եւ ծանր պայքարը պտուղներ տվեց. չնայած բոլոր կանխատեսումներին, աղջիկը ողջ մնաց, մեծացավ: Անուշիկը հիմա 26 տարեկան է եւ 8-ամյա աղջիկ ունի, որը երազում է բժիշկ դառնալ եւ օգնել մյուս երեխաներին:

Անուշիկ Հակոբյանի կյանքը լիովին փոխվեց 2003 թվականի դեկտեմբերի 5-ին: Հենց այդ օրը տատիկը նրան դպրոց տանելու փոխարեն, հայրենի Արտաշատում բժշկի տարավ: Այդ ժամանակ նրա մարմնին առանց որեւէ պատճառի կապտուկներ էին առաջանում, իսկ քթից մշտապես արյուն էր գալիս: Տեղի բժիշկները չեն հասկացել, թե որն է խնդիրը, բայց ինչ-որ վատ բան են կասկածել եւ նրանց ուղարկել Երեւանի Արյունաբանության կենտրոն: Այստեղ բավական արագ ախտորոշում կատարվեց՝ լեյկոզ, վերջին փուլ:

Շատ բժիշկներ եւ պրոֆեսորներ ասում էին, որ ոչ մի հույս չկա՝ աղջկան անհնար է փրկել, ուստի չարժի նրան բուժումներով տանջել. ավելի լավ կլինի վերջին օրերը տանն անցկացնի, այլ ոչ հիվանդանոցում: Սակայն երիտասարդ արյունաբան Լիլիթ Սարգսյանը որոշեց աղջկա կյանքի համար պայքարել:

Բուժումը սկզբից եւեթ շատ բարդ էր. Անուշիկի օրգանիզմը նրան փոխներարկվող պլազման չէր ընդունում, իսկ որոշ դեղամիջոցներ ալերգիա էին առաջացնում: Դրանից բացի, նրան թանկարժեք դեղ էր պետք, որի յուրաքանչյուր սրվակը 2003 թվականին 25 հազար դրամ արժեր. դստերը միայնակ մեծացնող Անուշիկի մայրը չէր կարող այն գնել, նույնիսկ եթե գիշերուզօր աշխատեր: Համընկնումը եւ մեկ ուրիշ երեխայի մահը Անուշիկին օգնեցին այդ դեղը ստանալ. այնպես ստացվեց, որ այն ժամանակ առաջին տիկին Բելլա Քոչարյանն այս դեղից Հայաստան էր բերել նույն ախտորոշմամբ, ինչպիսին Անուշիկինն էր, ծանոթ երեխայի համար: Այդ երեխային փրկել չհաջողվեց, եւ ամուսինները դեղը Անուշիկին տվեցին՝ հուսալով, որ գոնե նա կառողջանա:

3 ցանկություն

Մի անգամ, ինչպես հետո նրան հայտնել են բժիշկները, Անուշիկի մոտ կլինիկական մահ է գրանցվել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց, որ այդ պահին դեմքի վրա ձեռքի ափ է տեսել եւ դեմքին ստվեր է զգացել: Անուշիկը կարծում է, որ դա Աստվածն է եղել, եւ նա խոստացել է կատարել նրա 3 ցանկությունը:

«Ես առաջին հերթին ցանկացա տեսնել հորս, որն այդ ժամանակ արդեն ողջ չէր: Երկրորդ ցանկությունս էր, որ այս հիվանդանոցի բոլոր երեխաներն առողջանային եւ երբեք այստեղ չվերադառնային: Եվ երրորդ՝ որ ես դարձյալ կարողանայի լինել մայրիկիս կողքին»:

Անուշիկը հորն իսկապես տեսել է: Նա նրան ասել է, որ պետք է առաջ ընթանա եւ ոչ մի բանից չվախենա, եւ որ ինքը մշտապես նրա կողքին կլինի:

Անտեսանելի ափը բարձրացավ եւ անհետացավ, եւ Անուշիկը շունչ քաշեց ու աչքերը բացեց: Տեսնելով, որ նա ուշքի է եկել՝ նրա մորաքույրը նետվել է դեպի դուռը եւ կանչել բժշկին ու աղջկա մորը. ըստ երեւույթին վստահ, որ աղջիկը մահացել է, բժիշկը նրա մորը խնդրել էր դուրս գալ խոսելու:

Անուշիկը մինչեւ հիմա համոզված է, որ հենց այս դեպքն է իրեն օգնել առողջանալ: «Ինձ օգնեցին Աստված, հայրս, բժիշկները եւ մայրս: Նա մշտապես ինձանից արցունքները թաքցնում էր, մշտապես ժպտում էր, նա անձնատուր չէր լինում հանուն ինձ...»:

Բժիշկն ու հիվանդը

Հրաշքով փրկված Անուշիկի բուժումը շարունակվում էր: Այդ բոլոր ամիսների ընթացքում Լիլիթ Սարգսյանն անընդհատ զրուցում էր հիվանդի հետ, բացատրում բուժման յուրաքանչյուր քայլն ու այս կամ այն գործողության անհրաժեշտությունը: Այդ պահին նա 7 հիվանդ ուներ, բայց Անուշիկի հանդեօ վերաբերմունքն այլ էր:

«Ես նրա համար կարծես երկրորդ դուստր էի: Նա ինձ համար մոր պես էր, ինձ համար անում էր՝ ինչ կարող էր»,- պատմում է Անուշիկը:

Հիմա նա ժպիտով է հիշում, թե ինչպես Ամանորին բժիշկը բոլոր երեխաներին նվերներ բաժանեց, իսկ լավագույն նվերն Անուշիկինն էր: Հայկական դրոշի երանգներով շապիկ էր, որն Անուշիկը հաճույքով է հագել ու պահել մինչեւ հիմա:

Բժշկի հետ լավ հարաբերությունների շնորհիվ այդ ժամանակներից բացասական հիշողությունները քիչ են: Այո՛, դժվար էր, բայց նրան աջակցում էին, եւ վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու:

Լեյկոզից եւ արյան այլ հիվանդություններից բուժվող երեխաներին Անուշիկը խորհուրդ է տալիս ուժեղ լինել ու անել այն ամենը, ինչ բժիշկներն ասում են. այդ դեպքում նրանք կբուժվեն, ինչպես ինքը բուժվեց:

Այդ երեխաների ծնողներին էլ Անուշիկը համբերություն է մաղթում:

«Չեմ կարող պատկերացնել այդ մայրերի ապրումները: Բայց ես տեսել եմ, թե ինչ ապրումներ ուներ մայրս, եւ ես նման բան ոչ ոքի չեմ ցանկանա»:

Անուշիկի դուստրը՝ 8-ամյա Սյուզին, շատ է նման նրան: Նրանք հաճախ են միանման զգեստ հագնում, միանման պայուսակ ընտրում, միանման սանրվածք: Սյուզին ասում է՝ դպրոցում լավ է սովորում, ուզում է բժիշկ դառնալ:

«Ես ողջ եմ, կարող եմ քայլել, աշխատել, երեխա ունեմ, որով հպարտանում եմ: Բոլոր հիվանդ երեխաներին նման երջանկություն եմ մաղթում»,- ասաց Անուշիկը:

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ