Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Ի՞նչ դեր կարող են կատարել առաջնային օղակի բժիշկները Հայաստանում ծխելու դեմ պայքարում (ֆոտո)

11 հունիսի, 2017  17:32

Հայաստանում ծխողների քանակը նվազեցնել կարող է ոչ միայն նոր օրենքների ընդունումը, այլեւ առաջնային օղակի բժիշկների ավելի արդյունավետ աշխատանքը։ Զարգացած մի շարք երկրներում հենց այդ մասնագետներն են իրենց հիվանդներին տեղեկացնում ծխելու վնասի մասին ու հենց նրանք էլ կարող են օգնել հիվանդներին ազատվել ծխախոտային կախվածությունից։

Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։ Արդյո՞ք առաջնային օղակի բժիշկները պատրաստ են օգնել ծխելու դեմ պայքարում։ Ի՞նչ օգնություն կարող են նրանք ցուցաբերել հիվանդներին։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Այս մասին NEWS.amMedicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանի հետ, ով ԱՄՆ-ի «Մայո նիկոտինային կախվածության բուժման» կլինիկայի կողմից ծխախոտային կախվածության բուժման ոլորտում որակավորում ստացած մասնագետ է:

ԱՄՆ-ում, ինչպես պատմեց մասնագետը, բժիշկները լայնորեն կիրառում են 5А (The "5 A's", Ask, Advise, Assess, Assist, Arrange) մոտեցումը։ Իր յուրաքանչյուր հիվանդին բժիշկը հարցնում է (Ask), արդյոք նա ծխում է։ Այդ հարցը տալիս են ոչ միայն առաջնային օղակի բուժաշխատողները , այլեւ մյուսները՝ գինեկոլոգներից սկսած մինչեւ ատամնաբույժներ։

Եթե հիվանդի պատասխանը հաստատական է, բժիշկը նրան խորհուրդ է տալիս (Advise) հրաժարվել ծխելուց, բացատրում է, թե ինչ վտանգներ է պարունակում ծխելը։ Հետո բժիշկը գնահատում է (Assess) ծխելը դադարեցնելուհիվանդի պատրաստակամությունը, որից հետո նա պետք է օգնի (Assist) հիվանդին, դեղամիջոցներ նշանակի, կամ էլ նրան այլ նեղ մասնագետի մոտ ուղեգրի։ Եվ, ի վերջո, բժիշկը պայմանավորվում է (Arrange) հիվանդի հետ եւս մեկ հանդիպման մասին, որի ընթացքում նրանք կարող են քննարկել ծխելը թողնելու հիվանդի հաջողությունները։

Այս մոտեցումը, որոշ փոփոխություններով, այսօր կիրառվում է մի շարք երկրներում, և մասնագետի կարծիքով, վերջինիս կիրառությունը Հայաստանում ևս ցանկալի կլիներ:

Մասնագետը նշել է, որ նույնիսկ եթե բժիշկը բավարար գիտելիքներ չունի ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ, նա կարող է պարզապես պարզել հիվանդի ծխելու կարգավիճակը ու ծխելուց հրաժարվելու խորհուրդ տալ, դա կարող է կարեւոր դեր կատարել ու ամբողջովին փոխել հիվանդի ու նրա ընտանիքի կյանքը։ Շատ ծխողներ չեն մտածում այն մասին, թե ծխելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ առողջության համար։ Բայց եթե բժիշկը հարցնի ծխելու մասին, հիվանդը կարող է սկսել մտածել՝ գուցե հենց ծխելն է նրա հիվանդության պատճառը։ Կամ գուցե հենց այդ սովորությունն է ապագայում հանգեցնելու նոր առողջական խնդիրների առաջացմանը։ Այդ մտքերը, որոնք կարող են առաջանալ բժշկի տված հարցից հետո, կարող են փոխել հիվանդի վերաբերմունքը ծխելու հանդեպ ու հանգեցնել նրա վարքագծի փոփոխությանը։
Մասնագետը նշել է, որ եթե բժիշկներն իրենց բոլոր հիվանդներին ծխելու մասին հարց տան ու 10-ից գոնե 1-ը մտածի իր կենսակերպի մասին ու փոխի այն, դա արդեն իսկ հոյակապ արդյունք կլինի։

Նշենք, որ Հայաստանը դեռ 2004-ին է միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մշակած Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ): Սակայն առայսօր ԾՊՇԿ-ի առաջարկած միջոցառումներից քչերն են իրականացվել Հայաստանում։ ԾՊՇԿ-ի 14-րդ հոդվածիի կետերից մեկի համաձայն երկիրը պետք է «ծխախոտային կախման ախտորոշումն ու բուժումը, ծխախոտի գործածման դադարեցման հարցով խորհրդատվական ծառայությունները ներառի ազգային ծրագրերում ու առողջապահական ռազմավարությունում, առողջապահական, սոցիալական ու համայնքային աշխատողների շրջանում իրազեկիչ միջոցառումներ իրականացնի, բժշկասանիտարական օգնության հաստատություններում ու ռեաբիլիտացիայի կենտրոններում ծխախոտային կախման ախտորոշման, խորհրդատվության, կանխարգելման ու բուժման ծրագրերի ստեղծի»։

Հայաստանում ԾՊՇԿ 14-րդ հոդվածի ներդրմանն աջակցելու համար Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը՝ Global Bridges Healthcare Alliance for Tobacco Dependence Treatment-ի ֆինանսական աջակցությամբ, իրականացրել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որի շրջանակում մասնագետները իրականացրել են զանգվածային հետազոտություն՝ երկրում իրավիճակի գնահատման համար ու մշակել ու երկրում ներդրել են ուսումնական դասընթացներ՝ առաջնային օղակի բժիշկների համար։ Հետազոտության շրջանակում մասնագետները պարզել են, արդյոք Հայաստանում հասանելի չեն այն դեղամիջոցները, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում՝ ծխախոտային կախումից բուժվելու համար։ Պարզվել է, որ բազմաթիվ արդյունավետ դեղամիջոցներ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշխարհում, առհասարակ գրանցված չեն Հայաստանում։ Ավելին, երկրում գրանցված դեղամիջոցների մի մասը պարզապես հնարավոր չէ գտնել դեղատներում։ Դեղագործական ընկերությունների ներկացուցիչների հետ հարցազրույցներից պարզ է դարձել, որ այդ դեղամիջոցները պահանջարկ չունեն, այդ իսկ պատճառով չեն ներկրվում Հայաստան։

Ծրագրի շրջանակում մասնագետները մշակել և կազմակերպել են միջազգային լավագույն փորձի հիման վրա ծխելը դադարեցնելուն ուղղված երկօրյա ուսուցողական դասընթաց առաջնային օղակի բուժաշխատողների համար: Երեւանի ու Գյումրիի 18 պոլիկլինիկաներից 58 բժիշկներ անցել են վերապատրաստում, որի ընթացքում ձեռք են բերելգիտելիքներ և հմտություններ ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ։
Դասընթացներից 4 ամիս հետո մասնագետները նորից գնահատել են մասնակից բժիշկների գիտելիքները և գործելակերպը ու համեմատել նրանց տվյալները համեմատական խմբի տվյալների հետ, որը կազմված է այն թերապեւտներից ու ընտանեկան բժիշկներից, որոնք չեն մասնակցել այս դասընթացներին։ Գնահատումը ցույց է տվել, որ 58 բժիշկներն իրականում ստացել են անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կկարողանան օգտագործել իրենց հիվանդներին ծխախոտային կախվածությունից բուժելու համար։

Արուսյակ Հարությունյանի կարծիքով, ծրագիրը մեծ հաջողություն է ունեցել ու օգնել է վերապատրաստել մասնագետների, ովքեր իրոք կարող են շատ բան փոխել երկրում ու օգնել ծխելու դեմ պայքարին։ Սակայն այս ձեռքբերումներով չի կարելի սահմանափակվել՝ ցանկալի է կազմակերպել նման դասընթացներ նաեւ մյուս քաղաքների մասնագետների եւ բոլոր ապագա բժիշկների համար, որպեսզի ապագայում նրանք կարողանան ավելի արդյունավետ աշխատել ծխողների հետ։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ